Կքննարկվեն տարբերակներ, որոնք դենդրոպարկին կից գետի առափնյա հատվածում կլուծեն գետի վարարումներից տարածքի պաշտպանության խնդիրը. ՇՄՆ
Օրեր առաջ աշխատանքային այցով ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկում էի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
Նա նշել է. ՛՛Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արա Հակոբյանի, դենդրոպարկի նոր տնօրենի պաշտոնակատարի և նախարարության ու ենթակա ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ շրջայց ենք կատարել դենդրոպարկի տարածքում՝ տեղում ծանոթացել առկա խնդիրներին։
Դենդրոպարկում տիրող իրավիճակին ծանոթանալուց զատ, դիտարկել ենք նաև «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից Աղստև գետի հունի վրա իրականացված շինարարական աշխատանքները։
Տեղում տվել եմ հանձնարարականներ՝ ուսումնասիրություններ անցկացնել «Իջևանի գինու, կոնյակի գործարան»-ի կողմից իրականացված շինարարության վերաբերյալ՝ դուրս բերել հնարավոր բնապահպանական, քաղաքաշինական ու հողաշինական նորմերի խախտումների դեպքերը և տալ համապատասխան ընթացք։
Կքննարկվեն տարբերակներ, որոնք դենդրոպարկին կից գետի առափնյա հատվածում կլուծեն գետի վարարումներից տարածքի պաշտպանության խնդիրը։
Հիշեցնեմ, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Իջևանի դենդրոպարկի հարակից տարածքում գործունեություն իրականացնող «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն անտառային հող հանդիսացող տարածքում իրականացրել է հողային աշխատանքներ, որի հետևանքով առաջացել է հողի դեգրադացիա, հաշվարկվել էր 216.418 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք՛՛։