հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Կիբերանվտանգություն» դասընթացի շրջանավարտները ստացան ավարտական հավաստագրեր

«Կիբերանվտանգություն» դասընթացի շրջանավարտները ստացան ավարտական հավաստագրեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Կիբերանվտանգություն» դասընթացը: Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Մարտի 17-ին դասընթացի 110 շրջանավարտներն ավարտական հավաստագրեր են ստացել: Նրանց 59 տոկոսն է Երևանից, մյուսները ՀՀ մարզերից են և Արցախից:

Նախարարության ծրագրերի վարչության պետ Անահիտ Սարգսյանը, շնորհավորելով դասընթացի շրջանավարտներին, կարևորել է, որ դասընթացին մասնակցել են Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ և Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի դասախոսներ, ովքեր իրենց ուսուցողական ծրագրում ներառելու են հատվածներ այս ծրագրից:

Անահիտ Սարգսյանն ընդգծել է, որ կիբերանվտանգությունն առաջնային ուղղություն է նախարարության համար, և նախատեսվում է դասընթացները շարունակել նաև 2021 թվականին:

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության  (ՏՀՏԳՄ) գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման բոլոր մասնակիցներին՝ ՀՀ ԲՏԱ նախարարությանը, ժյուրիի անդամներին, դասընթացավարներին և շրջանավարտներին։ Նա նշել է, որ ստացած գիտելիքները հնարավորություն կտան շրջանավարտներին աշխատել տարբեր ոլորտներում՝ կարևոր դերակատարություն ունենալով երկրի անվտանգության պահպանության գործում։

«Կիբերանվտանգություն» դասընթացը նախատեսված էր 125 մասնակիցների համար, սակայն՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը և մասնակցության հայտերի բարձր քանակը, ծրագրում ընդգրկվել են 150 ուսանողներ, որոնցից 110-ը բարեհաջող ավարտեցին ուսումնական շրջափուլը՝ ստանալով նոր մասնագիտացում:

  • Կիսվել: