շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Խոսքը համայնքների, ոչ թե բնակավայրերի միավորման մասին է, իսկ Տիգրանաշենը բնակավայր է. պարզաբանում

Խոսքը համայնքների, ոչ թե բնակավայրերի միավորման մասին է, իսկ Տիգրանաշենը բնակավայր է. պարզաբանում

ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդարադառնալով մամուլում շրջանառվող տեղեկատվությանն առ այն, որ Տիգրանաշեն համայնքը խոշորացվող համայնքների փնջում ընդգրկված չէ։

Նա, մասնավորապես, նշել է․

«Տիգրանաշեն գյուղը համարվում է Պարույր Սևակ համայնքի կազմում ընդգրկված բնակավայր: Տիգրանաշեն գյուղը, որպես բնակավայր, ընդգրկված է Արարատ միավորվող համայնքում:

Օրենքի ընդունման հիմնավորման մեջ (ինչպես դա կիրառվել է համայնքների միավորման նախորդ 4 փուլերում) թվարկվում են միավորվող համայնքների կազմում ընդգրկվող համայնքները, այլ ոչ թե բնակավայրերը, քանի որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Համայնքների միավորումը մեկից ավելի համայնքների միավորման միջոցով մեկ նոր համայնքի ձևավորումն է»: Այսինքն՝ խոսքը համայնքների, այլ ոչ թե բնակավայրերի միավորման մասին է, իսկ Տիգրանաշենն իր կարգավիճակով բնակավայր է, այլ ոչ թե համայնք:

Տիգրանաշեն գյուղը ներառված է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագծում՝ Արարատի մարզի Արարատ համայնքի բնակավայրերի ցանկում»,-գրել է խոսնակը։

  • Կիսվել: