ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճում «Ամառ» ռեստորանում. Տեղում բժիշկները օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացու

Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճում «Ամառ» ռեստորանում. Տեղում բժիշկները օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացու

Հունիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում հայտնի «Ամառ» ռեստորանային համալիրում։ Ժամը 21:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112  օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ձորափի փողոցում Հրազդան կիրճում գտնվող «Ամառ» ռեստորանային համալիրում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, ռեստորանի պահեստային հատվածում առաջացած խոշոր հրդեհի դեմ պայքարել են ռեստորանի աշխատակիցներն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Այրվել է ռեստորանի պահեստային հատվածից մոտ 170 քմ մակերեսով տարածք՝ կենցաղային իրերով։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։ Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացիների, դեպքի վայրում հավաքվածները նշում էին՝ մոտ 6 քաղաքացու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը պարզվում է։

  • Կիսվել: