չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Խոշոր հրդեհ Նոր Խարբերդ գյուղում․ 70-ամյա տանտիրուհին տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն

Խոշոր հրդեհ Նոր Խարբերդ գյուղում․ 70-ամյա տանտիրուհին տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն հրդեհի բռնկմամբ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ։  Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները։ Այնուհետև ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ 

Մինչ հրշեջների և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ժամանումը, նշված փողոցի 36 տանից Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել 70-ամյա Գոհար Մկրտչյանը։ Վերջինս ստացել է այրվածքներ։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։

Պարզվել է, որ այրվել է Գ․ Մկրտչյանին պատկանող հյուրասենյակի գույքն ամբողջությամբ, 2 պատուհանները, խոհանոցային կահույքը, ջերմահարվել են 3 դռները, սառնարանը, գազօջախը։

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Սահակյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։  Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Մասիսի գազի մասնաճյուղի ծառայողներն ու «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

  • Կիսվել: