երկուշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2024
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են «Citroen Jumper»-ը, «Hyundai»-ն ու «Mercedes»-ը․ կա 6 վիրավոր

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են «Citroen Jumper»-ը, «Hyundai»-ն ու «Mercedes»-ը․ կա 6 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 94 կմ հատվածում բախվել են «Citroen Jumper» մակնիշի, «Mercedes» մակնիշի և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: