երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են շտապօգնության ավտոմեքենան, «Chevrolet Volt»-ն ու «Ford» բեռնատարը. շտապօգնության մեքենան կողաշրջվել է. կա 4 վիրավոր

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են շտապօգնության ավտոմեքենան, «Chevrolet Volt»-ն ու «Ford» բեռնատարը. շտապօգնության մեքենան կողաշրջվել է. կա 4 վիրավոր

Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:10-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի 103 շտապօգնության «Nissan» մակնիշի ավտոմեքենան, «Ford» մակնիշի բեռնատարն ու «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է։ 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Երևանի գնդի պարեկները։

Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Բարսեղյանը և Ալբերտ Թումանյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: