Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վաղը պետք է տեղի ունենար վիրավոր աղջկա հարսանիքը
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ` ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 01 QC 066 համարանիշի և BMW մակնիշի 34 PL 991 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Բախումից հետո Mercedes-ը հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում՝ վնասելով ճանապարհը կարգավորող ցուցանակը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել են գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վաղը պետք է տեղի ունենար հիվանդանոց տեղափոխված վիրավոր աղջկա հարսանիքը: