շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ 28-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կա վիրավոր

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ 28-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, Փոքր Վեդի բնակավայրի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Գրիգոր Բ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդու» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարության պետ Սարիբեկ Ռուստամյանը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: