Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1,2 տարեկան երեխան մահացել է։ Լուրը հաստատեցին Արաբկիր ԲԿ-ից։
Ավելի վաղ, հայտնել էինք, որ մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1 տարեկան երկու ամսական տղա երեխա, որին ըստ նախնական տեղեկությունների, ծեծի է ենթարկել խորթ մայրը։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է։
Դատախազությունից էլ դեպքի առթիվ հայտնել էին, որ շուրջ 1,5 ամիս երեխայի նկատմամբ պարբերաբար բռնություն է գործադրվել, իսկ մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու փորձ է արվել։ 38-ամյա կնոջը կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, նա 2 ամսով կալանավորվել է։
Երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և բացի փոքրիկից, ունի ևս երեք երեխա։ Նրանցից երկուսը հանձնված են խնամակալության Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի, մեկ երեխային պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր և խորթ մոր խնամքի տակ էր։ Երեխայի հայրը և խորթ մայրը բնակվում են Երևանի Արաբկիր համայնքում։


