Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային
Խորթ մայրը շուրջ 1,5 ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային։ Sputnik Արմենիային ՀՀ դատախազությունը զարհուրելի մանրամասներ է հայտնել Երևանում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։
Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ կինը հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրել է ֆիզիկական ներգործություն, ֆիզիկական ուժեղ ցավ պատճառել։ Այս, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 3-րդ կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու:
Մեր տեղեկություններով՝ երեխային կենսաբանական մահվան հասցրած կինը 38 տարեկան է։
Հիշեցնենք, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և բացի փոքրիկից՝ ունի ևս երեք երեխա։ Նրանցից երկուսը հանձնված են խնամակալության Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի, մեկ երեխային պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր և խորթ մոր խնամքի տակ էր։ Երեխայի հայրը և խորթ մայրը բնակվում էին Երևանի Արաբկիր համայնքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում մեկ տարեկան տղա երեխայի սպանության փորձի կասկածանքով կա ձերբակալված անձ։ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասել էր, որ մեկ տարեկան երեխային կլինիկական մահվան հասցնելը ոչ թե պատահականության, այլ դիտավորության արդյունք է։


