Խնայողությունների մի մասը դպրոցները կկարողանան ուղղել դպրոցում առկա այլ խնդիրների լուծմանը. Ժաննա Անդրեասյան
«Դպրոցի ֆինանսավորման նոր կարգը բարեփոխում է ուսուցչի վարձատրության և աշխատանքի համակարգը»,-կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը հիշեցրեց, որ ուսուցիչների վարձատրությունը համատարած բարձրացել է 2019 թվականին, իսկ 2020 թվականին սահմանվել է վարձատրության նվազագույն շեմ՝ 108800 դրամ, իսկ 2023 թվականից՝ 119900 դրամ։
Անդրեասյանի խոսքով՝ Դպրոցների ֆինանսավորման կարգը նախկինում բաղկացած է եղել երկու մասից, իսկ գործակիցները և նորմատիվները հաստատվում էին նախարարի հրամանով:
«Կառավարության որոշմամբ հաստատվում էր ֆինանսավորման մեթոդաբանությունը: Ներկայացված նախագծով մենք առաջարկում ենք դրանք հաստատել Կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են և ավելի տրամաբանական կգործեն»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
Նա տեղեկացրեց, որ նախագծով նախատեսվում է, որ կառավարության որոշմամբ ուսումնական հաստատությունների խնայողությունների և տնտեսումների մի մասը կկարողանան ուղղել դպրոցում առկա այլ խնդիրների լուծմանը, որը կարևոր ճկունություն է դպրոցներում առաջացող ընթացիկ խնդիրները կարգավորելու համար։
Անդրեասյանը հայտնեց, որ նախատեսվում է նաև նախագծով ներդնել էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքների համակարգողի լրավճարը:
Նախարարաը հիշեցրեց, որ գյուղական այն դպրոցներում, որտեղ ուսուցչի թափուր տեղ կա, և չի լրացվում, էլեկտրոնային դասավանդում են իրականացնում և ներկայում 96 գյուղական դպրոցների 5250 երեխա այս միջոցով առարկաների դասավանդում են ստանում 190 ուսուցիչների կողմից:
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ նոր կարգը կգործի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից: