երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
«Խեղճ Սուրեն Նազինյան». Անահիտ Ավանեսյանը Կախվածությունների բուժման կենտրոնի տնօրենի ազատման մասին

«Խեղճ Սուրեն Նազինյան». Անահիտ Ավանեսյանը Կախվածությունների բուժման կենտրոնի տնօրենի ազատման մասին

Դա հստակ ընթացակարգ է. ցանկացած աշխատանքային պայմանագրի լուծարումից առաջ մարդուն պետք է տեղեկացնես դրա մասին գրավոր կերպով, և մենք էլ հստակ կերպով հետևում ենք։ Այս մասին այսօր, ապրիլի 30–ին,  կառավարության նիստից հետո բրիֆինգի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոսելով մի քանի ԱՆ ենթակայության բուժկենտրոնների տնօրենների և այլ աշխատակիցների ազատման մասին։

Լրագրողները, մասնավորապես հետաքրքրվեցին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի ազատման պատճառների մասին, նշելով որ նրա ու նախարարի միջև հարաբերությունները վերջին շրջանում լարված է եղել։

«Մենք հինգ տարին լրացել է, վերջին տարիներին նորմալ աշխատել ենք պարոն Նազինյանի հետ, ես նրա մասնագիտական կարողությունների, որակների մասով որևէ խնդիր չեմ տեսնում, բայց նպատակահարմար եմ գտնում այս կառույցում փոփոխություններ իրականացնել և չէի ուզի ավելի մանրամասնել», – ասաց նա։  

Լրագրողները Նազինյանի ազատման պատճառների շարքում նշեցին, որ ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանին թմրանյութերի օգտագործման ստուգման համար տարել են Կախվածությունների կենտրոն, բայց Նազինյանն այդ մասին Ավանեսյանին տեղյակ չի պահել։

«Վայ, ես ապշում եմ, գիտեք, իսկապես ապշում եմ, թե ինչի հետ եք կապում, ընդհանրապես, ի՞նչ կապ ունի դա», – սրտնեղեց նախարարը։

Լրագրողները նշեցին նաև, որ ստուգումների արդյունքում Կախվածությունների կենտրոնում խախտումներ են արձանագրվել, բայց ՊԱԳ–ի եզրակացության հետ Նազինյանը համաձայն չի եղել, իսկ նախարարը նրան ստիպել է կեղծ ակտ ստորագրել։  

«Խեղճ Սուրեն Նազինյան, և հետո՞», – արձագանքեց նախարարը, պնդելով, որ ստուգումներ եղել են, իսկ ավելի մանրամասն լրագրողները կարող են տեղեկանալ հարցումների միջոցով։

  • Կիսվել: