շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Խաղամոլությունը համարվում է կախվածություների խմբի խանգարում. Արսեն Թորոսյան

Խաղամոլությունը համարվում է կախվածություների խմբի խանգարում. Արսեն Թորոսյան

Հիվանդությունների միջազգային դասակարգմամբ՝ խաղամոլությունը համարվում է կախվածություների խմբի խանգարում, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Նա ընդգծեց՝ արդյո՞ք երեխաներին փոքրուց սովորեցնում ենք, թե ինչ վտանգավոր բան է խաղամոլությունը։

«Մենք պետք է զբաղվենք նրանով, որ այսօրվա մեծացող սերունդը, երբ դառնում է 12-13 տարեկան ու հասանելիություն է ունենում սմարթ հեռախոսներին, ինտերնետին, նաև՝ բանկային քարտերին, պետք է հասկանա, որ չպետք է սկսի նման վարքագիծ դրսևորել, որը ինչ-որ մի օր կարող է դառնալ խանգարում ու որը կարող է պահանջել բժշկական միջամտություն»,- նշեց Թորոսյանը։

 ՔՊ-ականի խոսքով՝ պետք է մտածել այնպիսի հատուկ տարբերակ, որ խաղամոլությունից զերծ հասարակություն ունենանք։

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է ՔՊ-ական Հայկ Սարգսյանի՝ կազինոների, շահումով խաղերի, տոտալիզատորների ոլորտում հարկային բեռի ավելացման նախագիծը։

Նախագծի հիմնական փոփոխությունը ոլորտում արդեն գործող տուրքերն ու հարկերը ևս մեկով՝ 10 տոկոս շրջանառության հարկով ավելացնելն է:

Եթե 2010-ին ինտերնետ շահումով խաղերում խաղադրույքների ծավալները կազմում էին շուրջ 14 միլիարդ դրամ, ապա 2023-ին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի։ Մինչդեռ հավաքագրվող հարկերը և տուրքերն աճել են ընդամենը 26 անգամ:

  • Կիսվել: