չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 Խաղաղ ընտանիք են. Լեռնանիստում հոր կնոջը խեղդամահ անելու փորձը զարմացրել է գյուղացիներին

Խաղաղ ընտանիք են. Լեռնանիստում հոր կնոջը խեղդամահ անելու փորձը զարմացրել է գյուղացիներին

Մարտի 9-ին Լեռնանիստ համայնքում 17-ամյա տղայի կողմից հոր երիտասարդ կնոջը խեղդամահ անելու փորձը զարմացրել է համայնքապետարանին, քանի որ ընտանիքը երբեք խնդիրներ չի ունեցել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Ադամյանը։

Ադամյանը պատմեց, որ 2 տարի առաջ իրենց համագյուղացին բաժանվել է առաջին կնոջից, որից 3 երեխա ունի, կինը տեղափոխվել էր Հրազդան քաղաք, ինքն էլ ամուսնացել էր այլ կնոջ հետ եւ ունի 9 ամսական երեխա։

«Խաղաղ ընտանիք են։ Այս ընտանիքում նորմալ հարաբերություններ են, փաստ է, որ առաջին ընտանիքում խնդիրներ են եղել։ Համայնքապետարանում որեւէ դիմում չի եղել, թե ընտանիքին անհանգստացրել է 17-ամյա տղան, մենք տեղյակ չենք եղել»,- ասաց Արտակ Ադամյանը։

Արտակ Ադամյանը հաստատեց տեղեկությունը, որ 26-ամյա կնոջ մայրը դեպքից հետո հանկարծամահ է եղել։ Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկությանը, որ կինը հանկարծամահ է եղել՝ լսելով աղջկան խեղդամահ անելու փորձի մասին լուրը, և կարծելով, թե աղջիկը մահացել է, գյուղապետի տեղակալն ասաց.  «Չեմ կարող ասել, հանկարծամահ է եղել այդ լուրի հետեւանքով, թե ոչ, բայց այդ դեպքից հետո մահացել է»։

Նշենք, որ Ոստիկանությունից հայտնել էին՝ մարտի 9-ին, ժամը 17։35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, պարանոցի ճմլման մասնակի ակոս» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 26-ամյա կինը հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կասկածյալը հայտնաբերվել եւ բերման էր ենթարկվել Հրազդանի բաժին:

Նա ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: