ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Կայացել է Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Կայացել է Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
 
Միջոցառմանն իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է.
 
«Այս պատերի ներսում, այս գրքի շնորհանդեսը պատահական չէ։ Սա ևս մեկ ապացույց է Հայաստան-Իրան փոխըմբռնման, բանակցության ուժի իմաստավորման, և, իհարկե, անխախտ բարեկամության:
Մեր երկու երկրները, ապրելով իսկապես բարդ տարածաշրջանում, անցնելով պատմության տարբեր հորձանուտների միջով՝ առանձնակի կարևորություն են հաղորդում դիվանագիտությանը՝ այն համարելով անվտանգության և կայունության ապահովման կարևորագույն գործիք:
Նախարար Արաղչիի գիրքը կրկին փաստում է, որ միջազգային և տարածաշրջանային բնույթի հարցերի կարգավորման արդյունավետ բանաձևը դիվանագիտությունն է, և ես լիովին կիսում եմ այս մոտեցումը։
 
Դոկտոր Արաղչին իր գրքում նշում է. «Դիվանագիտությունը խաղ չէ, որտեղ պարտադիր պետք է հաղթել, այն գործընթաց է, որտեղ պարտադիր պետք է հասկանալ դիմացինին»։ Կարծում եմ սա առանցքային, հիմնարար դրույթ է, առանց որի գիտակցման հնարավոր չէ դիվանագիտական լուծումներ ակնկալել և փնտրել:
 
Այս աշխատությունը ոչ միայն նկարագրում է բանակցային գործընթացի տեխնիկական մանրամասները, այլև վերլուծում է դիվանագիտության հոգեբանական, քաղաքական, ազգային, մշակութային շերտերը։ Հեղինակը կարծես բացում է դուռը և ներս է ուղեկցում բանակցային դռներից այն կողմ ընթերցողին՝ ծանոթացնում է բանակցությունների ընթացքին, նրբություններին, մատնանշում է յուրաքանչյուր բառի կարևորությունը և նաև չարտաբերած խոսքի արժեքը:
 
Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ գրքի հայերեն թարգմանությունը հնարավորություն կտա նաև հայ երիտասարդներին և հայ դիվանագետներին ընդլայնել բանակցային հմտությունների վերաբերյալ իրենց գիտելիքները, և ընդհանրապես կդառնա աշխատանքային ձեռնարկ բոլոր նրանց համար, ովքեր գերադասում են փոխըմբռնումը և համերաշխությունը:
 
Նախարար Արաղչիին մաղթում եմ ստեղծագործական նոր հաջողություններ: Շնորհավորում եմ»:
 
Նշենք, որ գրքի նախաբանը գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
 
Գրքի շնորհանդեսին խոսքով հանդես են եկել նաև նախարար Արաղչին և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

  • Կիսվել: