շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
Կարեն Թռչունյանը ԵՊՀ-ում մասնակցել է գիտակրթական հետազոտական կենտրոնի բացման արարողությանը

Կարեն Թռչունյանը ԵՊՀ-ում մասնակցել է գիտակրթական հետազոտական կենտրոնի բացման արարողությանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «ԵՊՀ-Կրիսպ ԷյԱյ լաբ» (YSU-Krisp AI Lab) գիտակրթական հետազոտական կենտրոնի բացման արարողությանը և դրա շրջանակում կազմակերպված «AI Conf Armenia 2022» խորագրով կոնֆերանսին։

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, «Krisp» ընկերության հետ համագործակցությամբ բացված արհեստական բանականության լաբորատորիան իր տեսակով աննախադեպ է ՀՀ-ում և կարևոր խթան կհանդիսանա արհեստական բանականության գիտական դպրոցի զարգացման ուղղությամբ։

Միջոցառմանը ներկա են գտնվել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, «Կրիսպ»-ի (Krisp) համահիմնադիր, ԵՊՀ շրջանավարտ Արտավազդ Մինասյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շնորհավորել է միջոցառմանը ներկա գտնվողներին և իր ուրախությունն է հայտնել մայր բուհի շրջանավարտների աջակցությամբ արհեստական բանականության լաբորատարիայի հիմնադրման կապակցությամբ:
Այս համատեքստում Կարեն Թռչունյանը կարևորել է ԵՊՀ շրջանավարտների կողմից ստացած կրթության իմաստի արժևորման նշանակությունը և վստահություն հայտնել, որ նորաբաց լաբորատորիայում աշխատելու են ԵՊՀ ուսանողները, ինչը կարևոր է երկրի ապագայի համար:
«Այս լաբորատորիայի օրինակով մենք կունենանք մեծ հաջողություններ»,- հույս է հայտնել Կարեն Թռչունյանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շեշտել է արտասահմանյան գործընկերների ներգրավման անհրաժեշտությունը՝ կարևորելով նրանց հետ համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացումը։ Որպես հաջողված օրինակ՝ նա նշել է «Կրիսպ» ընկերության համագործակցությունը ԵՊՀ-ի հետ:

«Կրիսպ» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը հույս է հայտնել, որ 5-7 տարիների ընթացքում արհեստական բանականության ոլորտում լինելու են նոր առաջընթացային զարգացումներ:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Գեղամ Գևորգյանը, իր հերթին, անդրադարձել է ԵՊՀ ուսանողներին, ովքեր, մայր բուհում ուսումն ավարտելով, աշխատանքի են անցել Հայաստանում և արտասահմանում գործող տեխնոլոգիական ընկերություններում և կարողացել են հետադարձ կապ և արդյունք ստեծղել: Նա շնորհակալություն է հայտնել «Կրիսպ» ընկերության համահիմնադիր և ԵՊՀ շրջանավարտ Արտավազդ Մինասյանին նման նախաձեռնության համար:

Հյուրերը շրջել են նորաբաց լաբորատորայում, ծանոթացել արհեստական բանականության զարգացման փորձարարական և ուսումնական հնարավորություններին։ ԵՊՀ-ի բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները հնարավորություն կունենան նորաբաց կենտրոնում կատարել հետազոտական աշխատանք՝ արհեստական բանականության գիտական թեմաներով, ինչպես նաև տպագրել հոդվածներ։

Ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում «Կրիսպ» ընկերության գիտական թիմի անդամները ղեկավարելու են ուսանողների գիտական թեմաները։

  • Կիսվել: