Կառավարությունը փոփոխություններ է կատարել ԼՂ բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ԼՂ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը։
Փոփոխությունների համաձայն՝
եթե դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի ամուսնալուծված անդամը դիմելու պահին ունի անչափահաս երեխա, ապա նա համարվում է այն ծնողի ընտանիքի պարտադիր անդամը, ում հետ դատարանի որոշմամբ ապրում է։ Եթե նման որոշում չկա, երեխան համարվում է մոր ընտանիքի անդամը, իսկ հայրը կարող է ընդգրկվել դիմում-հայտարարությունում առանց երեխայի.
եթե ընտանիքի բոլոր անդամների տվյալներն առկա են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված տեղահանված անձանց տվյալների շտեմարանում, ապա այդ ընտանիքի՝ 2023 թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ 6 տարին չլրացած երեխան համարվում է շահառու՝ անկախ նրանից, թե նրա տվյալները առկա են շտեմարանում, թե ոչ.
ծրագրի շրջանակում առկա դրական մնացորդը հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն տան վերանորոգման, այլ նաև անհատական բնակելի տների վերակառուցման ու տնամերձ տարածքի կառուցապատման համար.
հավաստագիրն իրացրած ընտանիքի՝ հավաստագրում չներառված մեկ կամ երկու անդամներն իրենց չիրացրած հավաստագրերը կարող են միավորել այդ ընտանիքի հավաստագրի հետ։ Այս դեպքում աջակցության գումարը կարող է օգտագործվել որպես դրական մնացորդ ծրագրով սահմանված ուղղություններով և սահմանաչափերով.
տրամադրվող ֆինանսական աջակցությունը չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։
Նշենք, որ այս պահի դրությամբ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 6856 ընտանիք (28,187 անձ), որից 3229 ընտանիքն (14,914 անձ) արդեն իսկ իրացրել է հավաստագիրը:


