Կառավարությունը գումար է հատկացրել ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման, միջին նորոգման և կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների համար
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման համար կատարել վերաբաշխում՝ շուրջ 15,65 մլրդ դրամի, և այն ուղղել մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման, նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների մատուցման, հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման, ինչպես նաև տրանսպորտային օբյեկտի կառուցման, վերակառուցման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 63.5 կմ, որից՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 4.8 կմ, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 32.2 կմ և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 26.5 կմ: ՏԿԵ նախարարը տեղեկացրել է նաև, որ չզեկուցվող երկու հարցով էլ կրկին վերաբաշխումներ են իրականացվել և 3,7 դրամ հատկացվել է 76,4 կմ երկարությամբ ճանապարհների միջին նորոգմանը, 1,6 մլն դրամ՝ կլաստերային դպրոցներ տանող ընդհանուր 10,6 կմ երկարությամբ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման համար։
Վարչապետը թվարկել է ճանապարհաշինարարական ծրագրերը։
Ավտոճանապարհներ՝ Ռյա Թազա բնակավայրով անցնող հատվածում ջրահեռացման կարգավորում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Ծովակից Վարդենիս տանող ավտոճանապարհի 9․0 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով, գումարը 2026 թ. իրականացվող 4.8 կմ հատվածի աշխատանքների վճարման համար է), Աբովյանից Արզնի և Նոր Գեղի տանող ավտոճանապարհի (Արզնու ձորի հատված) 6․7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Զորավանից դեպի Արագյուղ և Երնջատափ տանող ավտոճանապարհի 12.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով, գումարը 2026 թ. իրականացվող 10.0 կմ հատվածի աշխատանքների վճարման համար է), Ենոքավանից դեպի Կարմիրգյուղ գյուղատեղի և Ջուջևան տանող ավտոճանապարհի 66.8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով, գումարը 2026 թ. իրականացվող աշխատանքների վճարման համար է), Իծաքարից Բերդ տանող ավտոճանապարհի 9․8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է իրականացնել առանձին մասերով, գումարը 2026 թ. իրականացվող աշխատանքների վճարման համար է), Բերդից Տավուշ գյուղի խաչմերուկ տանող ավտոճանապարհի 4․6 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Ամասիայից դեպի Բերդաշեն տանող ավտոճանապարհի Բերդաշեն բնակավայրով անցնող 1.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրում համայնքային նշանակության 1-ին փողոցի մոտ 900 մ ասֆալտապատում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Մայիսյանից դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհի 1․5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Տարոնիկից մինչև Մեծամորի թանգարան տանող ա/ճ-ի հատման կետ 1.9 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Լուկաշինից դեպի Նորավան և Արմավիր բնակավայրեր տանող ավտոճանապարհի 4․2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Արտաշարի տարածքով անցնող ավտոճանապարհի 3․3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Հացիկի տարածքով անցնող ավտոճանապարհի 3․5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Լոռու մարզի Փամբակ համայնքի Բազում բնակավայրից դեպի զորամաս տանող ավտոճանապարհի ասֆալտապատում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 3-րդ փողոցի 1020գծմ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Շաղատից Բալաք տանող ավտոճանապարհի 2․3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին), Անգեղակոթից Մուցք տանող ավտոճանապարհի 5․7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին)։
Տրանսպորտային օբյեկտներ՝ Հ-1 ավտոճանապարհի Արգելի բնակավայրից դեպի Արզական բնակավայր տանող ավտոճանապարհի Արզականի հատվածում փլուզված հենապատի վերակառուցում (աշխատանքները մեկնարկել են 2025թ-ի վերջին և նախատեսվել է ավարտել 2026թ.-ին), Մ-6 ավտոճանապարհը Ախթալա բնակավայրի հետ կապող պողպատե ֆերմաներով կառուցված 2-րդ կամրջին կից նույն թռիչքային կառուցվածքով կամրջի կառուցում, (աշխատանքները մեկնարկել են 2025թ-ի վերջին և նախատեսվել է ավարտել 2026թ.-ին), Խաշթառակի վթարային վիճակում գտնվող կամրջի փոխարեն 2 հատ միմյանց կից պողպատե ֆերմաներով կամուրջների կառուցում (աշխատանքները մեկնարկել և ավարտվել են 2026թ.-ին), Հախում գետի վրա պողպատե ֆերմաներով կամրջի կառուցում (աշխատանքները նախատեսվել է մեկնարկել և ավարտել 2026թ.-ին)։
Միջին նորոգման աշխատանքներ՝ Աբովյանից (Չայնիի ոլորաններ) դեպի Չարենցավան (ձախ գոտի) 2,187կմ, Չարենցավանից դեպի Քաղսի (աջ գոտի) 3,42կմ, Չարենցավանից դեպի Հրազդան (ձախ գոտի) 15,6կմ, Հրազդանից դեպի Սևանի թերակղզի (ձախ գոտի) 16,9 կմ, Սևանից դեպի Սևանի թերակղզի (ձախ գոտի) 3,826 կմ, Գորայքից դեպի Ծղուկ 13,328 կմ, Սպանդարյանից դեպի Անգեղակոթ 6,14 կմ, Իշխանասարից դեպի Նորավան 4,426 կմ, Բերդից դեպի Այգեպար 6.026 կմ, Վերին Կարմիր Աղբյուրից դեպի Արծվաբերդ 4,571 կմ։ Այս աշխատանքների ավարտը նախատեսվում է ընթացիկ տարում։
Կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ՝ Արագածոտնի մարզի՝ Գետափից Արագածավանի հիմնական դպրոց գնացող ճանապարհի 0.2կմ, Վերին Սասնաշենի Մ․ Մանուկյանի անվան հիմնական դպրոցից 0.1կմ և մարզային նշանակության Տ-1-41, 1.5կմ ավտոճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, Գեղարքունիքի մարզի՝ Ծափաթաղ մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ (Ջիլի դպրոց տանող ճանապարհ), Լոռու մարզի՝ Թումանյան համայնքի Աթան բնակավայրի 4-րդ փողոցի 0.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներ (Լորուտի դպրոց տանող ճանապարհ), Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 3-րդ փողոցից դեպի կրթահամալիր տանող ճանապարհի 0.4 կմ երկարությամբ հատվածների հիմնանորոգման աշխատանքներ, Թումանյան համայնքի Շամուտ բնակավայրի 1-ին փողոցի 0.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներ (Լորուտի դպրոց տանող ճանապարհ), Բազումի-Ազնվաձոր տեղական նշանակության ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգում (Բազումի միջնակարգ դպրոց տանող ճանապարհ), Շիրակի մարզի՝ Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Յ․Ղամբարյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներ (Կառնումի դպրոց տանող ճանապարհ), Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրի 4-րդ փողոցի հիմնանորոգման և ասֆալտապատման շինարարական աշխատանքներ, Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքներ (Քեթի միջնակարգ դպրոց տանող ճանապարհ), Սյունիքի մարզի՝ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրի /Մ-2 միջպետական ճանապարհից մինչև Ձագիկավանի միջնակարգ դպրոց փողոցի ասֆալտապատման աշխատանքներ, Տավուշի մարզի՝ Լուսաձորի կրթահամալիր տանող 0.31 կմ երկարությամբ համայնքային նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ, Լուսաձորի կրթահամալիր տանող 0.45 կմ երկարությամբ համայնքային նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ, Լուսաձորի կրթահամալիր տանող 1,5 կմ երկարությամբ ճանապարհի միջին նորոգման աշխատանքներ, Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոց տանող ընդհանուր 1,1 կմ երկարությամբ համայնքային 2 փողոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է. «Առաջիկայում մենք նաև տրանսպորտային խնդիրները կլուծենք , քննարկել ենք մի քանի տարբերակներ, հիմա կսկսենք աշխատել և նաև հընթացս կերևա, թե որ տարբերակն է ավելի արդյունավետ»։
Վարչապետն ընդգծել է՝ Կառավարությունը պատասխանատու է երեխաների ստացած կրթության որակի, նրանց համար նորմալ կրթական միջավայրի ստեղծման համար՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, ինչպես նաև պատշաճ որակավորված մանկավարժական կադրերի համար։ «Սա շատ կարևոր և ռազմավարական նշանակության նախագիծ է, որը մենք պետք է ուղեկցենք։ Կրթության որակի հետ կապված, լուրերով նայում եմ, որ այս տարի ընդունելության քննություններին անբավարար ստացած դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ էականորեն մեծ է։ Սա ահազանգ է, մենք պետք է հասկանանք։ Ըստ ամենայնի՝ մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև շատ ենք կոմպրոմիսների գնում, և արդյունքում տուժում են երեխաները։ Մենք պետք է առերեսվենք։ Ատեստավորման գործընթաց է, ինչքա՞ն կարելի է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում, որովհետև իր աշակերտն է, որ գնում, չի կարողանում ընդունելության քննությունը գոնե բավարար ստանա։ Որոշումները կայացված են, պետք է շատ հստակ և հատու, վճռական իրականացնենք, և որևէ կասկած չկա, որ դա անում ենք երեխաների շահերից ելնելով»,- ասել է վարչապետը։



