Կառավարությունում քննարկում են հակաճգնաժամային 12-րդ միջոցառումը, որ դարձյալ կոմունալներին է վերաբերելու
Կառավարությունում քննարկում են հակաճգնաժամային միջոցառումների 12-րդ ծրագիրը, որը դարձյալ վերաբերելու է կոմունալների վճարմանը, այսօր տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Կառավարության աջակցության 11-րդ միջոցառման շրջանակներում, որով 50 տոկոս փոխհատուցում են ստանալու մինչև 10 հազար դրամի գազ և մինչև 5000 դրամ էլեկներգիա սպառած քաղաքացիները, հայտարարվեց, որ 220 հազար ընտանիք կա։ Լրագրողի հարցին՝ արդյոք ուռճացված չէ այդ թիվը, Բաթոյանը պատասխանեց, որ այդ տվյալները կառավարությանը տրամադրել է լիազոր մարմինը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
«Բաժանորդների գերակշիռ մասը այն ոլորտերից են, որոքն շարունակում են աշխատել՝ կրթություն, առողջապահություն և այլն։ Այսինքն՝ նրանց մասով իրավիճակը խնդրահարույց չէ, իսկ չաշխատողների մասով իրավիճակը ֆորսմաժորային է, և անջատումներ չեն լինի։ Այս պահին մենք քննարկում ենք 12-րդ ծրագիրը, որը նույնպես վերաբերում է կոմունալ վճարների փոխհատուցմանը։ Կարծում եմ՝ այս ծրագիրը հաստատվելու դեպքում, կլուծենք նաև այդ խմբի հարցը», -ասաց Բաթոյանը։


