Կառավարության շենքի մոտի թեղիները եղել են ծեր, փտած և հիվանդ․ Բեգոյան
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Մելիք-Ադամյան փողոցում իրականացվել է ծեր և վտանգավոր ծառատեսակների հեռացում և դրանց փոխարինում նոր՝ գնդաձև կատալպա տեսակներով։
Այս մասին տեղեկացրեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Արդեն երկար տարիներ այնտեղ առկա էին փտած և հիվանդ թեղիներ, որոնք ներառված էին դեռևս 2022 թվականից փոխարինման ծրագրում։ Դրանք գտնվում էին կառավարության շենքի հետնամասում՝ Մելիք Ադամյան փողոցում։ Երկու օրվա ընթացքում մեզ հաջողվեց իրականացնել նաև նոր ոռոգման համակարգի անցկացում՝ ջրագծի ներմուծմամբ։ Ընդհանուր առմամբ հեռացվել է 59 վտանգավոր ծառ, որոնց փոխարեն տնկվել է 82 գնդաձև կատալպա՝ մոտ 15 տարեկան և զգալի չափսերով»,- ասաց Բեգոյանը։
Նրա խոսքով՝ կատալպաները ընտրվել են հատկապես ճարտարապետական նկատառումներով։
«Նոր տնկված ծառերի ձևն ու դասավորությունը թույլ են տալիս չփակել Հանրապետության հրապարակի և կառավարության շենքի ճարտարապետական տեսքը։ Կարծում եմ՝ հենց այս տարի այդ ծառերը բավականաչափ ստվեր կստեղծեն»,- հավելեց նա։