Կանազ մշակույթի տան հարակից հատվածների բնակիչները տարհանվել են. ՆԳՆ խոսնակ
Հրդեհաշիջում է իրականացնում ՓԾ 13 մարտական հաշվարկ: Կանազ մշակույթի տան հարակից երկու շենքերի բնակիչները տարհանվել են: Փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր: Ըստ նախնական տվյալների՝ Կանազ մշակույթի տանը բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Պատճառների մասին դեռ շատ վաղ է խոսել: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Ըստ նրա՝ հրդեհաշիջման աշխատանքները դեռ երկար կտևեն:
«Կարծում ենք՝ դեռ երկար կտևի, քանի որ բարդություն է առաջացել նաև նրանից, որ շենքն ունի բաղդատային հատված, որն ավելի հեշտ է այրվում։ Այդ հատվածում նաև քանդման աշխատանքներ են իրականացվում»,- պարզաբանեց նա։
Նշենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, երկու ջրատար, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։


