շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կան համայնքներ, որ հնարավոր չէ, ոչ ոտքով, ոչ տրակտորով մտնել, նույնիսկ ձին է խափանվում. Զոհրաբյան

Կան համայնքներ, որ հնարավոր չէ, ոչ ոտքով, ոչ տրակտորով մտնել, նույնիսկ ձին է խափանվում. Զոհրաբյան

Այսօր Հայաստանում կան համայնքներ, որ հնարավոր չէ ոչ ոտքով, ոչ տրակտորով մտնել, նույնիսկ ձին է խափանվում կեսից։ Այս մասին խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նշենք, որ խորհրդարանում այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ այս տարի պատրաստվում են իրականացնել շուրջ 500 կմ ճանապարհի շինարարություն։

Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե արդյոք ունե՞ն 500 կմ-ի ճանապարհային քարտեզը, որի աշխատանքները պետք է սկսվեն։

«Մենք նախկինում գիտեինք այդ ասֆալտների գեներալներին և գեներալուհիներին, ովքեր մշտապես շահում էին տենդերները և ապրիլյան պատերազմի ժամանակ մենք տեսանք, որ ուզում էինք գնալ Արցախ, այդ ասֆալտներն ինչ որակի էին,  շատ դեպքերում հնարավոր չէր զինտեխնիկան տեղաշարժել։ Այսինքն՝ տենդերների թափանցիկությունն իսկապես վերահսկելի՞ է լինելու, արդյոք շահած կազմակերպությունների առաջ Դուք դնելու եք խնդիր, որպեսզի ներգրավվեն այն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են, մասնագետ են, բայց զրկված են գումար աշխատելու հնարավորությունից»,- ասաց պատգամավորը։

Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշեց, որ նախորդ տարի ամեն ինչ արել են, որ կապալառուների գործունեության նկատմամբ վերահսկողությունը մեծանա։

Նա նաև ասաց, որ նախարարությունը վերանորոգման համար առաջնահերթություն է տալիս ամենահեռավոր և ամենավատ ճանապարհներին, և այս տարի ևս նույն մոտեցումն է լինելու։

 

  • Կիսվել: