Իտալիայի վարչապետը հերքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարություններն Իրանի դեմ պատերազմին մասնակցելու մասին
Իրանին հասցված հարվածների ժամանակ ԱՄՆ-ին Իտալիայի ցուցաբերած աջակցության մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությունները կտրուկ արձագանք են առաջացրել Իտալիայում, որտեղ վարչապետ Ջորջիա Մելոնին հրապարակավ հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ պատերազմի մեջ մտնել Իրանի դեմ, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։
Հռոմն օպերատիվորեն տարանջատվել է Ռյուտեի խոսքերից։ Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն հայտարարել է, որ Ռյուտեն «լիովին մոլորեցնող հաղորդագրություն է» փոխանցել՝ շփոթելով թույլատրված օժանդակ թռիչքները մարտական գործողությունների հետ։
Նա նշել է, որ Իտալիան գործել է իր սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին և իր տարածքում դաշնակցային բազաների օգտագործումը կարգավորող համաձայնագրերին լիովին համապատասխան։ «Ինչպես արդեն պարզաբանվել է խորհրդարանում, կառավարությունը թույլատրել է բացառապես տեխնիկական, լոգիստիկ և ոչ մարտական գործողություններ»,- հայտարարել է նախարարը։
Իտալիայում տեղակայված են ԱՄՆ-ի գրեթե 120 ռազմական օբյեկտներ, ներառյալ Սիցիլիայում «Սիգոնելլա» ռազմածովային ավիաբազան և երկրի հյուսիսում գտնվող «Ավիանո» ավիաբազան։
«Մենք պատերազմական վիճակում չենք և չենք ցանկանում մտնել դրա մեջ»,- հայտարարել է Իտալիայի վարչապետը։
Նա հավելել է, որ Հռոմը կպահպանի ԱՄՆ-ի հետ 1954 թվականից գործող երկկողմ հին համաձայնագրերի պայմանները, որոնք թույլ են տալիս բազաների օգտագործումը առանձին լոգիստիկ և ոչ մարտական գործողությունների համար։
Ռյուտեի հայտարարություններից հետո ընդդիմադիր առաջնորդներն այժմ նոր պարզաբանումներ են պահանջում։
Ընդդիմադիր «Կանաչներ և ձախեր» դաշինքի քաղաքական գործիչ Նիկոլա Ֆրատոյանին հայտարարել է, որ կա՛մ կառավարությունն է մոլորության մեջ գցել խորհրդարանին, կա՛մ էլ Ռյուտեի «արևը գլխին է խփել»։


