ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նորանկախ Հայաստանի առաջին տարիներից ծայր առած Երևանի անապատացման և պատմական կերպարի ոչնչացման գործընթացը շարունակվում է առ այսօր

Նորանկախ Հայաստանի առաջին տարիներից ծայր առած Երևանի անապատացման և պատմական կերպարի ոչնչացման գործընթացը շարունակվում է առ այսօր

Վերջին շրջանում՝ նախ կապված «SIL Plaza-ի» շենքի սեփականաշնորհման աղմկալի գործի ապա նաև օրերս Երևանի տոնական լուսավորման աշխատանքների ժամանակ ի հայտ եկած քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումների հետ, հանրային դիսկուրսը նորից սևեռվեց Երևանի քաղաքաշինական խնդիրների վրա։

Ժամանակ առ ժամանակ՝ այս կամ այն քաղաքաշինական նախագծի հետ կապված հանրությունը հիշում է մեր մայրաքաղաքի խնդիրների մասին, մի քիչ աղմկում, ապա նորից անցնում իր գործերին։ Մինչդեռ մայրաքաղաքի խնդիրները խորքային են ու արմատական և պահանջում են նույնքան խորքային և արմատական լուծումներ և որքան հնարավոր է շուտ, այլապես հետևանքներ անդառնալի կլինեն։ 

Երևանի քաղաքաշինական և էկոլոգիական խնդիրների արմատները ծայր են առնում դեռ հեռավոր 90-ականներից, երբ մարդիկ ձմռանը տաքանալու նպատակով, որոշները բիզնես-շահերրից ելնելով, սկսեցին համատարած ոչնչացնել մայրաքաղաքի անտառային ֆոնդը, հետո հերթը հասավ կանաչ գոտիներին, որտեղ անկանոն կերպով, քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով մեկը մյուսի հետևից սկսեցին «բուսնել» տարաբնույթ սրճարաններ, սպորտի և զվարճանքի օբյեկտներ, տարատեսակ այլ կառույցներ։ Եվ սա այն դեպքում, որ Երևանը գտնվում է կիսաանապատային գոտում, և սովետական ժամանակաշրջանում քաղաքը կառուցելիս հենց այդ հանգամանքը հաշվի առնվելով էր հաշվարկվել անտառային ֆոնդի և կանաչ տարածքների մասշտաբը։ Արդյունքում, ըստ բնապահպանների, վերջին տասնամյակներում Երևանի էկոլոգիան խիստ վատթարացել է։ 

 Հենց այդ տարիներին Երևանի շենքերի վրա քաոտիկ կերպով սկսեցին հայտնվել տարատեսակ կցակառույցներ, մանսարդաներ, պատշգամբներ։ Շենքերի տակ սկսեցին փորվել նկուղներ՝ հաճախ վնասելով ֆունդամենտը և հիմնական կոնստրուկցիաները։ 1988 թվականի աղետալի երկրաշարժը տեսած ժողովուրդը և իշխանությունները հաշվի չէին էլ առնում, որ Երևանը գտնվում է սեյսմավտանգ գոտում։

Սրան զուգահեռ սկսվել էր բառի բուն իմաստով անարխիստական, տրամաբանությանը և օրենքներին անհամահունչ սեփականաշնորհման գործընթացը, որը նոր զարկ ստացավ 2000-աններին։ Այս պրոցեսում առավել շատ տուժեց մեր մայրաքաղաքի այցեքարտը, կոլորիտը, ոգին ու ինքնությունը՝ ներկայիս սլենգով ասած Երևանի «փոքր կենտրոնը»։ Իրենց պատմական տեսքը անդառնալիորեն կորցրեցին Բյուզանդի, Արամի փողոցները, զգալի վնաս հասցվեց Աբովյանի, Սարյանի, Պուշկինի, Թումանյանի և կենտրոնական գրեթե բոլոր փողոցների ճարտարապետական տեսքին, Հանրապետության Հրապարակի համալիր կոնցեպտին։ Այս հանցավոր գործընթացները շարունակվում են առ այսօր, «նախկիններին» անխնա քննադատելով իշխանության եկած «ներկաները» կամ մատը մատին չեն տալիս շտկելու նախկինից եկած արատավոր բարքերը, կամ էլ «մեծագույն հաճույքով» իրենք են շարունակում դրանք՝ տալով Երևանի պատմական կենտրոնի ճարտարապետությանը անհամահունչ անճոռնի բարձրահարկերի կառուցման նոր շինթույտվություններ՝ վերջին թարմ օրինակը Աբովյան փողոցում Գագիկ Ծառուկյանի հյուրանոցի համար հատկացված շինթույլտվությունն է։ Շարունակվում է նաև կանաչ գոտիների հաշվին իրականացվող շինարարությունը։     

Այս գործընթացների վրա լույս սփռելու, դրանց մեղավորներին բացահայտելու, առկա  խնդիրների հետ կապված ընթացիկ իրավիճակին ծանոթանալու համար InfoPort.am-ը հարցում էր ուղարկել մի քանի պատկան կառույցների։ Մինչ բուն պատասխանները ներկայացնելը նշենք, որ դրանց մեծ մասը ինֆորմատիվ չէին, տպավորություն էր, որ նախկինում թույլ տրված սխալները բոլորն ընդունում են, հասկանում, բայց գործում են հետևյալ տրամաբանությանբ՝ դե եղածը եղել է, ժամանակը, ինչպես ասում են, ետ չես շրջի։ Պատկան մարմինների հետ շփումներից, հարցումների պատասխաններից կարելի է ենթադրել, որ վերոնշյալ խնդիրներով ոչ մի կառույց չի զբաղվում, զբաղվելու միտք էլ չունի, բացառությամբ թերևս Դատաղազությունից, որը, ըստ օրենքի ուսումնասիրում է իրեն հասցեագրված դիմումները և մամուլում առկա հրապարակումները։

Թերևս հենց Դատախազության պատասխանից էլ սկսենք։ Եվ այսպես Դատախազությունից մենք փորձեցինք պարզել, ինչ վարույթներ են առկա Երևանի պատմամշակութային ժառանգություն համարվող, պատմական արժեք ներկայացնող շենք/շինությունների սեփականաշնորհման, վարձակալության գործարքների, դրանց ոչնչացման փաստերի հետ կապված։ Պարզվեց, բարձրացված խնդիրների հետ կապված Դատախազությունում առկա են բազում վարույթներ՝ սկսած «SIL Plaza-ի» և ԱՕԿՍ-ի շենքերի (վերջինս ապօրինի կերպով սեփականաշնորհվել էր մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի և ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանի կողմից) սեփականաշնորհման գործարքների հետ կապված վարույթներից, վերջացրած Արամի փողոցի վրա Արամ Մանուկյանի առանձնատան ոչնչացման փաստով հարուցված վարույթից։ Ի դեպ՝ Արամի 9-ը հասցեում գտնված այս ունիկալ շենքը ներառված է եղել ՀՀ պատմամշակութային օբյեկտների ցանկում, բայց դա չի փրկել կառույցը անարխիայի զոհ դառնալուց։ Մեկ այլ վարույթ էլ հարուցվել «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության դիմումի հիման վրա՝ կապված Կասկադի և Հյուսիսային պողոտայի կառուցապատման ընթացքում Պուշկինի, Արամի, Թումանյանի, Աբովյանի, Տերյանի, Հին Երևանցու փողոցներում պատմամշակութային շինությունների ոչնչացման և վնասման փաստերի հետ։

Մինչդեռ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մեր հարցմանը ի պատասխան հավաստիացրեցին, որ Բյուզանդի, Արամի և Լալայան փողոցների վրա գտնված պատմամշակութային հուշարձանների մի մասն ապամոնտաժվել և տեղափոխվել է  «Երևանշին» կազմակերպության հատուկ պահպանվող տարածք, հետագայում «Հին Երևան» ծրագրի շրջանակում վերականգնելու նպատակով: Հատուկ շեշտենք, որ մեր հարցին առ այն, արդյոք այդ և այլ փողոցների կառուցապատման ընթացքում ոչնչացվել են պատմամշակութային արժեք ներկայացնող շենք\շինություններ, Նախարարությունը չի պատասխանել։ Կայքի հաջորդ հարցը վերաբերվում էր անհասկանալի գործարքների արդյունքում սեփականաշնորհված, բայց այսօր բարձիթողի վիճակում գտնվող պատմական մոնումենտալ մի քանի շենքերի ճակատագրին։ Խոսքը մասնավորապես Կառավարություն-2 (ԱԳՆ նախկին շենք), նախկին Մանկական հանրախանութի, Երկրորդ բուժմիավորման պատմական մասնաշենքի և Երևանի այցեքարտը համարվող մի քանի նմանատիպ շենքերի մասին է։ Այս մասով նախարարությունը տվել է հետևյալ դեկլարատիվ պատասխանը․ սեփականաշնորհումից հետո շենքերի բարեկարգման, նորոգման և այլ աշխատանքներով պարտավոր են զբաղվել սեփականատերերը՝ նախագծերը նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ: «Վերականգնման նախագծեր ստանալու պարագայում ԿԳՄՍ նախարարությունը դրանք սահմանված կարգով կքննարկի»,- ասված է պատասխանի մեջ: Իսկ եթե սեփականատերը չի կատարում իրեն օրենքով վերապահված պարտավորությունները, ապա պատժվում է օրենքի ողջ խստությամբ, հավաստում են նախարարությունից։ Միայն թե  մինչ օրս ոչ մի անսրտացավ սեփականատեր, ով սեփականաշնորհումից հետո իր ձեռք բերած պատմական գույքը մատնել է անտերության, այդպես էլ օրենքով չի պատժվել։ Ստացվու՞մ է ԿԳՄՍ-ն որպես լիազոր մարմին քաղաքի պատմական ժառանգության նկատմամբ անտարբերություն է դրսևորում։ Ինչու՞ է հապաղում այս կառույցը օրենքով սահմանված իր լիազորությունները իրականացնել այն սեփականատերերի նկատմամբ, որոնք տասնամյակներ շարունակ մատը մատին չեն տալիս իրենց ձեռք բերած պատմական արժեքը փրկելու ուղղությամբ։

Իսկ Երևանի քաղաքապետարանում այս կապակցությամբ InfoPort.am-ին ընդհանրապես հավաստեցին, որ մայրաքաղաքի պատմամշակութային ժառանգության հետ քաղաքապետարանը ոչ մի առնչություն չունի և խորհուրդ տվեցին դիմել Քաղաքաշինության և Պետգույքի կառավարման կոմիտեներ։ Մեր համառ պնդումներից հետո Երևանի քաղաքապետարանը այդուհանդերձ ընդունեց, որ ինչ որ առնչություն պատմամշակութային ժառանգության հետ այն այնուամենայնիվ ունի, մասնավորապես «Հին Երևան» ծրագրի շրջանակներում, որի իրականացման պատասխանատուն հենց ինքը՝ Քաղաքապետարանն է։ Այդուհանդերձ նույնիսկ այդ ծրագրի հետ կապված հարցերին Քաղաքապետարանում պատրաստ չէին պատասխանել՝ երեսուն օր ժամանակ խնդրեցին։

Մինչ կստանանք Քաղաքապետարանի պատասխանները, անսալով իրենց իսկ խորհրդին, դիմեցինք նաև Պետգույքի կառավարման և Քաղաքաշինության կոմիտեներ։ Պետգույքի կառավարման կոմիտեից, ինչպես և ակնկալվում էր, պատասխանեցին, որ նշված շենքերը սեփականաշնորհվել են, և Կառույցը այլևս դրանց հետ գործ չունի։ Այս պահին Կառույցի իրավասության ներքո գտնվում է պատմամշակութային հուշարձան համարվող երկու շենք միայն՝ Հանրապետության հրապարակի Ազգային պատկերասրահի շենքը (հուսանք այն չի արժանանա Կառավարություն-2 շենքի ճակատագրին) և ինչ որ հրաշքով դեռ փրկված Արամի փողոցի վրա գտնվող Փիլիսոփայության ինստիտուտի շենքը։ Պետգույքի կառավարման կոմիտեից մեզ հավաստիացրեցին նաև, որ Երևանի կենտրոնի կառուցապատման ծրագրերի շրջանակում պատմական արժեք ներկայացնող շենքերի ոչնչացման մասին տեղեկատվություն Կառույցում առկա չէ։

Քաղաքաշինության կոմիտեում այս առնչությամբ տվեցին ավելի աներկբա պատասխան․ «վերոնշյալ ծրագրերի շրջանակում պատմամշակութային արժեք ներկայացնող շենքեր չեն ոչնչացվել», դրանք բոլորը ներառված են «Հին Երևան» ծրագրի մեջ, որը, ըստ Կոմիտեի «նախատեսված է իրականացնել առաջիկայում»։ Մինչդեռ, հիշեցնենք, որ Դատախազությունում պատմամշակութային ժառանգություն համարվող շենքերի ոչնչացման առնչությամբ հարուցված է մի քանի վարույթ։

Ամփոփելով՝ փաստենք, որ դեռ նորանկախ Հայաստանի առաջին տարիներից ծայր առած, կոմերցիոն շահերին ի սպաս դրված Երևանի անապատացման և պատմական կերպարի ոչնչացման գործընթացը շարունակվում է առ այսօր՝ երևանցիների և ողջ հայության լուռ համաձայնությամբ։   

 

  • Կիսվել: