ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ինքնաձիգ, նռնակներ, հրացան․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել

Ինքնաձիգ, նռնակներ, հրացան․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բնակչության շրջանում կատարած բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել, տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից:

 
Ոստիկանության Կենտրոնական բաժին եկած 48-ամյա տղամարդը, որը Երևանի բնակիչ է, կամավոր հանձնեց մեկփողանի հրացան։ Նրա հայտնածով՝ հրազենն իրենն է․ ձեռք է բերել Արցախյան ազատամարտի տարիներին։


Նոր Խարբերդի բնակիչ, 43-ամյա մի կին էլ ոստիկանության Շենգավիթի բաժին բերեց ինքնաշեն հրազեն ու տարբեր տրամաչափի 140-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն։


Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին եկած 47-ամյա տղամարդը, որը Վանաձորի բնակիչ է, կամավոր հանձնեց ինքնաշեն ինքնաձիգ, և ինքնաձիգի 5․45 մմ տրամաչափի 19 փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք գտել է ավտոտնակը մաքրելիս։


Եղվարդ քաղաքի բնակիչ, 63-ամյա մի կին էլ ոստիկանության Նաիրիի բաժին բերեց «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով ու տարբեր տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են իր հանգուցյալ որդուն։


Ոստիկանության Վաղարշապատի բաժին եկած 42-ամյա տղամարդն էլ, որը Գեղակերտ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց «ՌԳԴ» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ ու տարբեր տրամաչափի 120-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք գտել է իրենց տանը կից կիսակառույց շինությունում։


Արագածոտնի մարզում ապրող մի տղամարդ էլ ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնեց տարբեր տրամաչափի 30-ից ավելի փամփուշտ ու ինքնաձիգի պահունակ՝ հայտնելով, որ զինամթերքը գտել է ավտոտնակում։


Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։


Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

  • Կիսվել: