հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ինչ փոփոխություններ են առաջարկում պատգամավորները ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության ընթացակարգում

Ինչ փոփոխություններ են առաջարկում պատգամավորները ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության ընթացակարգում

Պատգամավորներն առաջարկում են ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության նոր ընթացակարգ. քննարկում ԱԺ-ում

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպություների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Լիլիթ Մակունցը և Հերիքնազ Տիգրանյանը:

Ներկայացնելով նախագիծը Վարազդատ Կարապետյանն ասաց, որ այն վերաբերում է ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության ընթացակարգերին՝ փորձելով կարգավորել գործող նախագծի բացերը:

Ըստ նրա, օրենքի ընդունումից հետո Կառավարությունը մեկ ամսվա ընթացքում պետք է մշակի և հաստատի տնօրենների ընտրության ընթացակարգը։

Այսպիսով առաջարկվում են հետևյալ փոփոխությունները.

-ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին հավակնող անձին բավարար չի լինի միայն բարձրագույն կրթությունը, առաջարկվում է ավելացնել նաև 2 տարվա մասնագիտական ստաժը:

-ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին հավակնող անձը պետք է մշակի տվյալ կազմակերպության զարգացման հայեցակարգ և երկու փուլով անցկացվող քննություններին, մասնավորապես՝ բանավոր քննությանը, պետք է ներկայացնի այդ հայեցակարգը:

-Գործող օրենքով տնօրենի ԺՊ նշանակումը սահմանափակվում է 6 ամսով, հեղինակներն առաջարկում են Կառավարության որոշմամբ ժամկետը երկարաձգել մեկ անգամ՝ ևս 6 ամսով: Այսինքն՝ նույն մարդը մեկ տարուց ավելի չի կարող լինել տնօրենի ԺՊ:

-Եթե տնօրենը վնաս է պատճառել տվյալ կազմակերպությանը գույքի 1 տոկոսի չափով, ապա նա չի կարող տնօրեն լինել: Գործող օրենքով պատճառված վնասի չափը պետք է լինի 5 տոկոս: 

-Եթե տնօրենը դատվածություն ունի, ապա նա չի կարող մասնակցել ՊՈԱԿ տնօրենների մրցույթին՝ անկախ նրանից՝ դատվածությունը մարված կամ հանված է: Գործող օրենքով դա հնարավոր է: 

  • Կիսվել: