ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ինչ պետք է իմանան երեխաները համացանցային խաղերի մասին, և ինչ է «Синий Кит»-ը (տեսանյութ)

Ինչ պետք է իմանան երեխաները համացանցային խաղերի մասին, և ինչ է «Синий Кит»-ը (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը երեկ հայտարարություն էր տարածել եւ նշել, որ Հայաստանում ծնողներն ու ուսուցիչները բավարար տեղեկացված չեն համացանցի վտանգներից ու խնդիրներից։ Մասնավորապես, ՄԻՊ-ը նկատում է, որ վերջերս համացանցում լայն տարածում են գտել երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր խաղեր, որոնք անկառավարելի տարածում են ստացել ամբողջ աշխարհում և մեծ սպառնալիք են երեխաների, հատկապես՝ դեռահասության տարիքում գտնվող երեխաների առողջ զարգացման համար:

Համացանցային խաղերի վտանգների մասին հանրությունը կրկին հիշեց վերջերս տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ Հրազդանի կիրճում ծառից կախված գտել էին 15-ամյա երիտասարդի: Դրանից հետո համացանցում լուրեր տարածվեցին, թե այդպիսի քայլի պատճառ է դարձել «Синий кит» խաղը: Խաղի մասնակցին ամեն օր խնդիրներ են առաջարկվում՝ նայել այսինչ ֆիլմը, լսել այսինչ երաժշտությունը, ամենավերջին առաջադրանքը ինքնասպան լինելն է։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել է «Սինի կիտ» խաղին: Փորձագետն ասում է, որ կիբեռբուլլիինգը, այսինքն՝ հալածանքը օնլայն հարթակներում, իրական երևույթ է։ Սակայն պետք չէ ուռճացնել դրա դերը։

Իսկ ահա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն էլ նկատում է, որ պետք է իրազեկվածություն լինի եւ նշվածը պահանջում է երեխաների ծնողների, այլ օրինական ներկայացուցիչների, ուսուցիչների կողմից առավել մեծ ուշադրություն և զգոնություն, հստակ կանխարգելիչ միջոցներ, այդ թվում՝ ուղղված երեխաների համար թվային միջավայրում անվտանգության մեխանիզմների կատարելագործմանը: Երեխաները նույնպես պետք է իմանան, թե ինչպես խուսափեն վտանգներից կամ ինչպես պաշտպանեն իրենց համացանցում, քանի որ նորարարական տեխնոլոգիաների միջավայրը գրավիչ ազդեցություն ունի երեխաների վրա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում.

  • Կիսվել: