«ՀուԶանք ու Զանգ»-ի մասին խոսելիս Փաշինյանը համեմատություն անցկացրեց Փարաջանովի հետ
Այսօր Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արթուր Մանուկյանը հետաքրքրվեց, թե արդարացվա՞ծ է արդյոք «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ֆինանսավորումը՝ միաժամանակ նշելով, որ այն ոմանց կողմից որակվել է որպես սատանիստական:
«Մենք որդեգրել ենք քաղաքականություն, որ արվեստի, մշակույթի բնագավառում պետք է այլ քաղաքականություն ունենանք և ֆինանսավորենք մշակույթը, քաջալերենք ստեղծագործական աշխատանքը Հայաստանում: Եվ գրանտային ծրագրեր են իրականացվել, և նշված ներկայացումը 22 ծրագրերից մեկն է: Եվ հիմա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, քննադատությունները հաշվի առնելով, այդ մեխանիզմը կատարելագործելու հետագա քայլերի մասին է մտածում, որպեսզի ներկայացման մասին պատկերացում լինի ոչ միայն թղթի վրա, այլև վիզուալ, թե ինչ տեսարան է ունենալու: Արվեստը հենց նրանով է արվեստ, որ այն միշտ չէ միանշանակ»,-պատասխանեց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ ժամանակին Փարաջանովի գործերի համար ֆինանսավորումը նույնպես միանշանակ չէր ընկալվում:
Ինչ վերաբերում է այն բանին, որ ներկայացումը բնորոշվել է որպես սատանիստական, Փաշինյանն ասաց, որ ինքը շատ լավ գիտի Աստվածաշունչը, և իր համար այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ է սատանիզմը: «Եկեք չափորոշիչները հասկանանք, մշակենք: Քաղաքական գործունեության մեջ հայտնի մարդիկ կան, որ նայում ես հայացքին ու խոսելուն, կարող է լինել այնպիսի մեկնաբանություն, որ նրանք ոգեշնչվում են սատանայից: Կոռուպցիայից ավելի սատանիստական բան ես լավ չեմ պատկերացնում: Սեփական զինվորին և ժողովրդին թալանելուց ավելի սատանիստական բան ես չեմ պատկերացնում: Եվ այդ շրջանակներում եղել են մարդիկ, ովքեր ոչ միայն հրաժարական չեն պահանջել, այլև այդ սատանիստական կաթսայից ուտելիս են եղել, և հիմա ոնց որ թե դեպրեսիայի մեջ են, որ գդալ չկա, գդալն ու ուտելու գործընթացը չկան, և իրենք դրանից զրկվել են»,-ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ Հայաստանում պայքար է ընթանում սակավագիտության և լայնամտության միջև: Վարչապետը հիշեց՝ մարդկությունը տեսել է պատմություն, երբ մեկը, որն ասել է, որ Երկրագունդը կլոր է, վառել են նրան. «Հիմա այդ վառողների գաղափարակիցները 21-րդ դարում էլ են ապրում և լավ են անում: Սակայն դա չի նշանակում, որ մենք գերաններն ու լուցկին պետք է տանք նրանց ձեռքը, ասենք՝ ընտրեք, ում ուզում եք վառել՝ վառեք»:
Վարչապետն անդրադարձավ նաև ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին: Նա ասաց, որ պետք է պարզել վիճակագրությունը, թե այն ժամանակներում, երբ կոռուպցիան Հայաստանում աննախադեպ մասշտաբների էր հասնում, այդ քանի՛ հոգու հրաժարական են պահանջել այդ նույն մարդիկ: