Հուսով ենք, որ Հայաստանը հետաքրքրություն կցուցաբերի արհեստական բանականության SuperCloud ամպային հարթակի նախագծի նկատմամբ. Սարգսյան
Հուսով ենք, որ Հայաստանը հետաքրքրություն կցուցաբերի արհեստական բանականության SuperCloud ամպային հարթակի նախագծի նկատմամբ։ Այս մասին այսօր Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակոնֆերանսի ժամանակ ասել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի փոխնախագահ և Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) թվային նախաձեռնությունների հիմնադրամի ղեկավար Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքով՝ հարթակը հնարավորություն է տալիս օգտվել արհեստական բանականության գործիքներից և ծառայություններից։ Սարգսյանը հավելել է, նախագծի նպատակն է առանց սահմանափակումների ժողովրդավարացնել արհեստական բանականության հասանելիությունը և ստեղծել տարածաշրջանային արհեստական բանականության շուկա։
Նա նաև ընդգծել է, որ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից այդ մոտեցումների իրականացման և մասշտաբավորման համար տեխնիկական աջակցությունը ենթադրում է անհատույց ֆինանսավորման տրամադրում, ինչը պետք է բարձրացնի ծրագրի գրավչությունը։
«Մենք այս ծրագիրը քննարկել ենք նաև Հայաստանի կառավարության հետ, նաև այն առավելությունների հարցերը, որոնք այն ստեղծում է։ Հայաստանը, հետաքրքրության դեպքում, կարող է համապատասխան խնդրանքով դիմել մեր հիմնադրամին»,-նշել է նա:


