հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագիծն արժանացավ ԱԺ հանձնաժողովի հավանությանը

Հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագիծն արժանացավ ԱԺ հանձնաժողովի հավանությանը

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության հեղինակած նախագծին, որով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:

՛՛Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին;; Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նշեց, որ առաջարկում են հոդված 1-ը փոփոխել հետևյալ կերպ՝ Ամանոր և Ծննդյան տոներ՝ նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) եւ հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ եւ Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր: ՛՛Նախագծի ընդունումը պայմանավորված է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ՛՛,-ասաց Քերոբյանը:

՛՛Հայաստան՛՛ խմբակցությունիցԱղվան Վարդանյանն առաջարկեց հունվարի 2-ը և հունվարի 7-ը ոչ աշխատանքային դարձնել: Նույն առաջարկով հանդես եկավ նաև նույն խմբակցությունից Արամ Վարդևանյանը, ինչին ի պատասխան՝ նախարարը խոստացավ անդրադառնալ այդ առաջարկին: «Ամսի 2-ը ավելի հավանական է, որ մենք կդիտարկենք ընդունման համար»,-նշեց Քերոբյանը:

Նշենք, որ նախագիծը քվեարկությամբ ստացավ 5 կողմ, 4 ձեռնպահ ձայներ՝ այսպիսով` հավանության արժանանալով և ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:

 

 

  • Կիսվել: