Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ 2001 թվականից հունիսի 20-ը նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր՝ ի նշան համերաշխության այն միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր հարկադրված են եղել լքել իրենց տունն ու հայրենիքը։
1993 թվականի հոկտեմբերի 4-ին Հայաստանը միացավ ՄԱԿ-ի Փախստականների մասին 1951 թվականի կոնվենցիային։
Ապաստան հայցողների ընդունման և կեցության պայմանների բարելավման հարցերը մշտապես Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում են։ Այս համատեքստում ապաստան հայցողների համար կառուցվել է նոր ժամանակավոր կենտրոն, որի գործարկումը գտնվում է ավարտական փուլում։ Նոր կենտրոնը հնարավորություն կտա ընդունել 100-120 ապաստան հայցողի՝ ներկայիս 45-ի փոխարեն։ Այն հարմարեցված է ընտանիքով ապաստան հայցող անձանց, այդ թվում՝ երեխաներ ունեցող ընտանիքների, ինչպես նաև հատուկ կարիքներ ունեցող անձանց համար։
Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ հունիսի 22-ին նոր կենտրոնում կիրականացվի ծառատունկ։ Նախաձեռնությունը միտված է ոչ միայն շրջակա միջավայրի պահպանությանը, այլև համայնքային համերաշխության, ներգրավվածության և միասնականության արժեքների ամրապնդմանը։
Ո՞վ է փախստականը
Փախստականն այն անձն է, որը ռասայական, կրոնական, ազգային պատկանելության, որոշակի սոցիալական խմբի անդամ լինելու կամ քաղաքական հայացքների պատճառով հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել այդ երկրի պաշտպանությունից կամ վերադառնալ այնտեղ։
Ի՞նչ իրավունքներ ունեն փախստականները
Հայաստանում օրինական բնակության իրավունք.
աշխատանքի իրավունք.
կրթության իրավունք.
տեղաշարժի և բնակության վայր ընտրելու իրավունք.
սեփականության իրավունք.
սոցիալական և առողջապահական իրավունքներ.
Հայաստանի քաղաքացիություն ստանալու (նատուրալիզացիայի) իրավունք:
Սահմանափակումները
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ փախստականը չունի ընտրելու իրավունք, չի կարող անդամագրվել որևէ կուսակցության, չի կարող ընտրվել կամ նշանակվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնի, չի կարող լինել հանրային ծառայող, չունի հողի նկատմամբ սեփականության իրավունք:
Փախստականի պարտականությունները
Փախստականն իր իրավունքներից օգտվելիս պետք է հարգի ՀՀ քաղաքացիների, այլ անձանց օրինական շահերը, իրավունքները և ազատությունները, պահպանի հասարակական կարգը, ՀՀ անվտանգությունը: Նա պարտավոր է վճարել հարկեր, տուրքեր և կատարել օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումներ:
Հայաստանը շարունակում է զարգացնել ապաստանի և փախստականների պաշտպանության համակարգը՝ ապահովելով իրավունքների իրացումը, արժանապատիվ ընդունման պայմանները և շարունակական աջակցությունը հարկադրաբար տեղահանված անձանց։


