չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
ՀԾԿՀ-ն և Կադաստրի կոմիտեն քննարկել են հանրային ենթակառուցվածքների տվյալների թվայնացման հարցերը

ՀԾԿՀ-ն և Կադաստրի կոմիտեն քննարկել են հանրային ենթակառուցվածքների տվյալների թվայնացման հարցերը

Օգոստոսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և ՀԾԿՀ-ի կողմից կարգավորվող ընկերությունների ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԾԿՀ-ի կողմից կարգավորվող ընկերությունների հանրային ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրաէներգետիկայի, էլեկտրոնային հաղորդակցության և այլ ցանցերի վերաբերյալ տարածական տվյալների հավաքագրման, համակարգման և սահմանված կարգով ազգային գեոպորտալին ինտեգրման գործընթացի կազմակերպման հարցերը։

Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են պատասխանել Կադաստրի կոմիտեի կողմից ներկայացվող հարցաշարերին, որով ըստ էության կուրվագծվի ենթակառուցվածքների վերաբերյալ տվյալների կառավարման արդիականացման, թվայնացման և պետական տեղեկատվական համակարգերի փոխկապակցվածության ապահովման տեխնիկական նկարագիրը։

Քննարկման մասնակիցները վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։

  • Կիսվել: