ՀԾԿՀ-ի տարվա առաջին որոշումներից մեկը՝ խստացման միտո՞ւմ, թե ընթացակարգային շարունակականություն
2026 թվականի հունվարի 14-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկել է «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացրած բողոքը և որոշել այն մերժել՝ անփոփոխ թողնելով նախապես ընդունված վարչական ակտը: Հանձնաժողովի որոշման համաձայն՝ ուսումնասիրվել են ընկերության ներկայացրած փաստարկները, ինչպես նաև գործի նյութերը, սակայն դրանք բավարար չեն ճանաչվել՝ նախկին որոշումը վերանայելու կամ չեղարկելու համար: Արդյունքում՝ բողոքը չի բավարարվել:
Խնդիրը վերաբերում է 2025 թվականի սեպտեմբերի 30-ին կայացած ՀԾԿՀ նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 10 միլիոն ՀՀ դրամի չափով տուգանելու որոշմանը՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների 136-րդ կետի պահանջները չպահպանելու համար։
Հաշվի առնելով, որ Հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների (դիտարկումների), դրանց շրջանակում կատարված արձանագրությունների, տեսագրությունների, ինչպես նաև Ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված գրությունների արդյունքներով փաստվել է Ընկերության կողմից նշված երաշխավորված գրաֆիկի խախտված լինելու հանգամանքը, ուստի Հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ մերժել Ընկերության կողմից ներկայացված վարչական բողոքը՝ նախորդ որոշումը թողնելով անփոփոխ։
Քանի որ նման որոշումն ընդունվել է տարվա առաջին նիստում, այն հիմք է տալիս հարցնելու՝ արդյո՞ք 2026 թվականին հանձնաժողովը պատրաստվում է ավելի խիստորեն կիրառել իր կարգավորիչ լիազորությունները: Թեև տվյալ դեպքում խոսքը չի վերաբերում նոր քաղաքականության կամ մոտեցումների ներդրմանը, այլ առկա կարգավորման մեխանիզմների կիրառմանը՝ կոնկրետ գործի շրջանակում:
Հարկ է հիշեցնել, որ նախորդ տարվա ընթացքում հանձնաժողովը «Վեոլիա Ջուր» ընկերության նկատմամբ կիրառել է նաև 20 միլիոն դրամի վարչական տուգանք՝ ոլորտում արձանագրված խախտումների հիմքով: Այս հանգամանքը ցույց է տալիս, որ ընկերության գործունեությունը շարունակաբար գտնվում է կարգավորողի ուշադրության կենտրոնում:
«Վեոլիա Ջուր»-ը հատկապես վերջին տարում պարբերաբար հայտնվել է հանձնաժողովի օրակարգում՝ կապված ջրամատակարարման ծառայությունների որակի, սպառողների իրավունքների պաշտպանության և պայմանագրային պարտավորությունների կատարման հետ:
Այսպիսով, հունվարի 14-ի նիստի որոշումը կարելի է գնահատել ոչ թե որպես ցուցադրական քայլ, այլ որպես ընթացակարգային որոշում, որը միաժամանակ բաց է թողնում ավելի լայն քննարկման դաշտ՝ կարգավորիչի հետագա մոտեցումների վերաբերյալ:
Գաղտնիք չէ, որ հատկապես մայրաքաղաքի բնակիչների շրջանում հաճախ են հնչում դժգոհություններ «Վեոլիա Ջուր»-ի մատուցած ծառայությունների որակի, ջրամատակարարման խափանումների և սպասարկման խնդիրների վերաբերյալ: Այս համատեքստում հարց է առաջանում՝ արդյոք հանձնաժողովը, հաշվի առնելով այդ բողոքների կուտակված ֆոնն ու հանրային դժգոհությունը, անցնում է իր կարգավորիչ գործառույթների ավելի խիստ կիրառման:
Նման ենթադրությունը որոշ չափով հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ տարվա ավարտին տեղի է ունեցել հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր»-ի ղեկավարության հանդիպում, որի ընթացքում բարձրացվել են ոլորտում առկա լուրջ խնդիրները և ներկայացվել հանձնարարականներ: Արդյո՞ք այդ քննարկումներն ու արձանագրված մտահոգությունները կվերածվեն կարգավորիչ քաղաքականության առավել խիստ մոտեցումների՝ ցույց կտա առաջիկա ժամանակահատվածը:
Միևնույն ժամանակ, տարվա սկզբին նման որոշման ընդունումը կարող է ազդակ հանդիսանալ շուկայի մյուս օպերատորների համար՝ ցույց տալով, որ հանձնաժողովը պատրաստ է շարունակել վերահսկողությունը օրենքով սահմանված ամբողջ գործիքակազմով: Առայժմ սակայն վաղ է խոսել կարգավորիչ քաղաքականության կոշտացման կամ նոր փուլ մտնելու մասին. առաջիկա որոշումները ցույց կտան՝ սա ընդհանուր միտո՞ւմ է, թե առանձին դեպք՝ պայմանավորված տվյալ գործի առանձնահատկություններով:


