հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հրապարակվել է զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և ԲՏՃՄ մասնագիտությունների ցանկը

Հրապարակվել է զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և ԲՏՃՄ մասնագիտությունների ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը:

Այս պահին ընտրվել է 5 բուհ՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ռուս-հայկական համալսարան, Հայաստանում ամերիկյան համալսարան և Հայաստանում ֆրանսիական համալսարան, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով:

Ստորև վերոնշյալ համապատասխան մասնագիտությունների ցանկը՝

Երևանի պետական համալսարան-Բակալավր՝ ֆիզիկա, միջուկային ռեակտորների ֆիզիկա, նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ, երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա, ռադիոֆիզիկա, քիմիա: Մագիստրատուրա՝ տեսական ֆիզիկա, միջուկային ֆիզիկա և ատոմային էներգետիկա, աստղաֆիզիկա, ռադիոֆիզիկա, էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում, քիմիա: Ասպիրանտուրա՝ տեսական ֆիզիկա, ռադիոֆիզիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա, անօրգանական քիմիա, կենսաքիմիա:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան- Բակալավր՝ ատոմային էներգետիկա, հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում, մեքենաշինություն և նյութերի մշակում, ավիացիոն և հրթիռային տեխնիկա, թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ: Մագիստրատուրա՝ ատոմային էներգետիկա, այլընտրանքային էներգետիկա, հեռահաղորդակցություն, մեքենաշինություն և նյութերի մշակում, ավիացիոն և հրթիռային տեխնիկա: Ասպիրանտուրա՝ օրգանական նյութերի սինթեզի և վերամշակման տեխնոլոգիա:

Հայ-ռուսական համալսարան- Մագիստրատուրա՝ այլընտրանքային էներգետիկա: Ասպիրանտուրա՝ օրգանական քիմիա, կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա, ռադիոտեխնիկա, ռադիոհաճախականային սարքավորումներ, համակարգեր, տեխնոլոգիաներ:

Հայաստանի Ամերիկյան համալսարան- Մագիստրատուրա՝ արդյունաբերական ճարտարագիտություն:

Հայաստանում ֆրանսիական համալսարան- Մագիստրատուրա՝ արհեստական բանականությամբ համակարգեր:

  • Կիսվել: