Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողովը կգլխավորի Ժաննա Անդրեասյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:
«Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- նշված է որոշման մեջ:
Հանձնաժողովը կգլխավորի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանձնաժողովի կազմում ներառված են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և այլք: