շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հորդորում ենք ուսանողությանը դադարեցնել դասադուլը. ԵՊՀ 2 ֆակուլտետների դասախոսների հայտարարությունը

Հորդորում ենք ուսանողությանը դադարեցնել դասադուլը. ԵՊՀ 2 ֆակուլտետների դասախոսների հայտարարությունը

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս Նարինե Դիլբարյանը քիչ առաջ ընթերցեց ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսական կազմի ընդհանուր ժողովի հայտարարության տեքստը:

Տեքստում ասվում է.

«1. ԵՊՀ Հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի գերակշիռ մասն իր համերաշխությունն է հայտնում ուսանողական շարժմանը ի պաշտպանություն բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցման դրույթի:

2. Հայտարարում ենք համերաշխության մեկօրյա նախազգուշական գործադուլ որպես միաբանության քայլ:

3. Նախատեսում եւ ակնկալում ենք հարցի հրատապ քննարկում բոլոր շահագրգիռ իրավասու կողմերի եւ մասնավորապես ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ առանց քաղաքական շահարկումների:

4. Հորդորում ենք ուսանողությանը դադարեցնել դասադուլը»:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ից դասադուլ են անում՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը:

ՀՅԴ երիտասարդները ևս դեմ են ԿԳՄՍՆ-ի այս օրինագծից ու օրեր շարունակ բողոքի ակցիաներ, նստացույցեր ն իրականացնում` պահանջելով ԿԳՄՍ նախարար ԱՐայիկ Հարությունյանի հրաժարականը: Նախորդ շաբաթ նրանց հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց որ չի կիսում նրանց պահանջներից ոչ մեկը: Իր հերթին Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

 

  • Կիսվել: