հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հնարավոր է՝ երեխան ՄԻԱՎ-ով վարակվել է ոչ թե բուժկենտրոններում, այլ կենցաղային պայմաններում. նախարարը մանրամասներ է ներկայացրել

Հնարավոր է՝ երեխան ՄԻԱՎ-ով վարակվել է ոչ թե բուժկենտրոններում, այլ կենցաղային պայմաններում. նախարարը մանրամասներ է ներկայացրել

Հայաստանում երեխայի մոտ ՄԻԱՎ վարակի հայտնաբերման դեպքի առթիվ հարուցվել է քներական գործ, քննությունը կպարզի վարակի հայտնաբերման հանգամանքները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ունենք շատ ցավալի դեպք, որ երեխայի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ: Նա բուժում է ստանում, փորձում ենք առողջությունը վերականգնել, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա: Մնացած մանրամասները քննությունը կպարզի», -հավելեց նախարարը՝ հրաժարվելով քննության մանրամասներ ներկայացնել:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե որ բուժհիմնարկներում է եղել և մոտավորապես հայտնի՞ է, որ բուժկենտրոններում է եղել երեխան, Թորոսյանը բացասական պատասխան տվեց. «Չգիտեմ, իմանայինք ամեն ինչ պարզ կլիներ: Երեխան բազմաթիվ կենտրոններում բուժօգնություն է ստացել և պետք է պարզել, թե որ կենտրոնում կարող է տեղի ունեցած լինել դա: Հնարավոր է, որ երեխան բժշկական կենտրոնում չի վարակվել ՄԻԱՎ-ով, այլ՝ կենցաղային պայմաններում»:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ հաստատվել է՝ երեխայի ծնողները ՄԻԱՎ վարակակիրներ չեն: Այդուհանդերձ, պաշտոնյան վստահեցրեց, որ նախարարությունը ունի հնարավորություններ, անկախ այս դեպքից, կանխարգելելու հետագա նման դեպքերը: Նրա խոսքով, բուժկենտրոններում պետք է օգտագործեն ստերիլ գործիքներ, սարքավորումները լինեն մաքուր, ներարկիչները՝ մեկանգամյա՝ օգտագործվեն ու թափվեն և դա պետք է լինի անկախ ամեն ինչից:

«Ի վերջո, կարող են լինել նաև այլ վարակներ: Մենք չունենք տեսչական ստուգումների գործիքակազմ, բայց ունենք էպիդեմիոլոգիական ստուգումների գործիքակազմ: Մենք բոլոր բժշակական կենտրոնների հետ աշխատում ենք, որոնցով անցել է երեխան: Նաև քննությունն է աշխատում», -հավելեց Թորոսյանը:

  • Կիսվել: