Հիմա սաղ հերոս են դարձել, բայց չգիտեն՝ մեր արևը որտեղից է լինում, որտեղ է մտնում. Սասուն Միքայելյան
Վերջին օրերին կրակոցներ են լինում տարբեր ուղղությամբ, չգիտեմ՝ իրենք ինչ են ուզում ասեն դրանով: Այս մասին այսօր Երկրապահի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
«Ինչ վերաբերում է երկրապահներին, երկրապահները տարբեր ուղղությամբ էսօր էլ են կանգնած մեծ թվաքանակով, չեմ ուզում թվաքանակ ասեմ և ասեմ որ ուղղությամբ»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպես հաջողվեց Շուշին ազատագրել ու հաղթանակներ տոնել՝ չունենալով մեծ ռեսուրսներ, Սասուն Միքայելյանը պատասխանեց. ««Համախմբվածությունը և Վազգեն Սարգսյանը: Այն ժամանակ, գիտեք, տարբեր կուսակցության, տարբեր ջոկատներ կային, անհատներ կային, որ ջոկատներ էին սարքել իրենց համար, Սպարապետը կարողացավ համախմբել բոլորիս: Չունենալով բանակ, մենք տարանք հաղթանակ և երկրապահի հիմքի վրա ձևավորվեց բանակը։
Ես կոչ եմ անում հայ ժողովրդին, որ համախմբվենք: Այսօր դեռ մենք ճանապարհ ունենք անցնելու, նայելով խոշոր տիրությունների վերադասավորումները, հատկապես մեր տարածաշրջանում, հետագայում չգիտես ինչ է լինելու, դրա համար մեր ժողովրդին համախմբվածություն է պետք»:
Հարցին՝ վերջին շրջանում ի՞նչ վերաբերմունք եք նկատում «Երկրապահի» նկատմամբ, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ինչքան հիշում եմ, Չերչիլն է ասել՝ եթե ամեն մի հետևից խոսացողին ուշադրություն դարձնեմ, իմ գործը չեմ կարող անել։ «Երկրապահը» այսօր բանակ է, որը կանգնած է բանակի կազմում, բանակի հետ։ Ժամանակը կգա, ես չեմ ուզում ապագոռգոռ բան ասեմ, այդ սաղ խոսացողները, որ ամեն մեկը այսօր դարձել է հայրենիքի հերոս, պաշտպան, բայց չգիտի մեր արևը որտեղից է լինում, որտեղ է մտնում, իսկ երկրապահը կանգնած է:
Հետագայում կերևա, ժողովուրդը կհասկանա այս տարիների ընթացքում, այդ պատերազմյան ժամանակաշրջանում ինչ արել երկրապահը, Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պաշտպանության համար»: