երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ում Իրանի դեսպանն ու նրա խորհրդականն այցելել են Մատենադարան

ՀՀ-ում Իրանի դեսպանն ու նրա խորհրդականն այցելել են Մատենադարան

Մատենադարան են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանը և դեսպանի խորհրդական Մեհդի Սուսանը։ Այս մասին հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։

Դեսպանը կարևորել է հայ-իրանական գիտամշակութային կապերի խորացման գործում Մատենադարանի կարևորագույն դերակատարությունը, որը ոչ միայն հայերեն ձեռագրերի և քրիստոնեական արժեքների ուսումնասիրման և պահպանման կենտրոն է, այլև այլ կրոնների և մշակույթների հետազոտական բացառիկ հաստատություն։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակության այցի օրակարգը, ինչպես նաև իրականացված ծրագրերն ու նախատեսվող համատեղ միջոցառումները։

Տնօրենը մասնավորաբար անդրադարձել է մարտին կայանալիք հայ-իրանական գիտաժողովին և տարեվերջին նախատեսվող Անդրե Սևրուգյանի 130-ամյակին նվիրված միջոցառումներին։

Դեսպան Մեհդի Սոբհանը հայտնել է համակողմանի աջակցության պատրաստակամություն և հրավիրել է Մատենադարանի տնօրենությանը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն։

  • Կիսվել: