ՀՀ-ում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Գագիկ Սուրենյան
Հայաստանի ողջ տարածքում առաջիկա 5 օրվա ընթացքում +40 աստիճան տաքություն չի սպասվում: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +35... +36 աստիճանի սահմաններում»,- նշել է Սուրենյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում այս տարի ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է հուլիսի 26-ին Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում` հասնելով 38-ից 39 աստիճանի:
Հիշեցրել է, որ 2017 թվականին Արարատյան դաշտում հուլիսի 29-ին գրանցվել էր +42.6 աստիճան տաքություն:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին էլ Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ Հայաստանում առաջիկա շաբաթվա ընթացքում ջերմաստիճանի բարձրացում տեղի չի ունենա։ Նա միայն ընդգծեց, որ հանրապետության առանձին հատվածներում կարճատև անձրև և ամպրոպ կանխատեսվում է միայն օգոստոսի 1–ին և 2–ին։


