ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
ՀՀ պատվիրակությունը Բելգիայում է՝ ուսումնասիրելու Բրյուսելում իրականացվող երիտասարդական աշխատանքի զարգացումները

ՀՀ պատվիրակությունը Բելգիայում է՝ ուսումնասիրելու Բրյուսելում իրականացվող երիտասարդական աշխատանքի զարգացումները

ՀՀ պատվիրակությունը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում ուսումնական այց է կատարել Բելգիայի Թագավորություն՝ ուսումնասիրելու երիտասարդական ոլորտում իրականացվող գործունեության փորձը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:

Այցին մասնակցել են ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ Արմենուհի Պետրոսյանը, ինչպես նաև նախարարության և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ:

Ուսումնական այցի նպատակն էր ուսումնասիրել Բրյուսելում իրականացվող երիտասարդական աշխատանքի զարգացումները՝ նպաստելով Հայաստանում երիտասարդական աշխատանքի որակավորման չափանիշների և մեթոդաբանության մշակմանը, Հայաստանում գործող ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և հզորացմանը՝ կազմակերպչական կարողությունների բարելավման ու միջազգային համագործակցության խթանման միջոցով:

Մասնավորապես՝ հանդիպումներ են տեղի ունեցել Երիտասարդական գործերի նախարարությունում (Ֆլամանդական կառավարություն), Գենտի համայնքապետարանում, Եվրոպական հանձնաժողովում, «Էրազմուս+ միջազգային երիտասարդական աշխատանք» ազգային գործակալությունում, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում, Բելգիայի Թագավորությունում երիտասարդական աշխատանքի ոլորտում ճանաչում ունեցող հասարակական կազմակերպություններում։

Նշյալ կառույցները ներկայացրել են իրենց փորձն ու գործունեությունը, ոլորտում իրականացվող ծրագրերը, համագործակցության հնարավորությունները:

Ծանոթանալով տեղական փորձին՝ ՀՀ պատվիրակության ներկայացուցիչներն ուղղել են իրենց հուզող հարցերը, ներկայացրել իրենց կառույցի գործունեությունն ու համեմատականներ անցկացրել:

ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ Արմենուհի Պետրոսյանը ներկայացրել է ՀՀ պետական քաղաքականությունը երիտասարդության ոլորտում: Նա, մասնավորապես, անդրադարձել է վերջերս ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքին: Առանձնակի նշվել է այն հանգամանքը, որ օրենքի մշակման գործընթացը եղել է մասնակցային՝ աշխատանքային խմբում ներառելով պետական, միջազգային և քաղհասարակության ներկայացուցիչների: Արմենուհի Պետրոսյանի ընդգծմամբ՝ հարցումներ են իրականացվել երիտասարդների շրջանում՝ նրանց կարիքների գնահատման նպատակով, քննարկումներ են իրականացվել մասնագիտական կառույցների հետ և հավաքագրվել առաջարկներ:

Ներկայացվել են նաև օրենքի պահանջով ՀՀ համայնքներում երիտասարդական միջավայրներ ունենալու կարևորությունը, երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի ներդրման գործընթացը:

Նշենք, որ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստանի», Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ:

  • Կիսվել: