ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ նախագահն ու Հունաստանի դեսպանը շեշտել են Լաչինի միջանցքի բնականոն գործունեության վերականգնման հրամայականը

ՀՀ նախագահն ու Հունաստանի դեսպանը շեշտել են Լաչինի միջանցքի բնականոն գործունեության վերականգնման հրամայականը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Ողջունելով hյուրին նախագահը շնորհավորել է Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ:

«Սրտանց շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ: Ձեզ և հույն ժողովրդին սովորական խոսքեր չեն, որ ուզում եմ փոխանցել, որովհետև, ըստ էության, ինչ-որ առումով մենք ևս նմանատիպ ճակատագիր ենք ունեցել: Ճիշտ է մենք ավելի ուշ ենք կարողացել այդ նպատակին հասնել՝ անկախություն ձեռք բերել, բայց դուք անկախություն եք ձեռք բերել և այդ անկախությանը տեր եք կանգնել և մինչև հիմա էլ ոչ միայն նոր ժամանակների, ես այդպես կարող եմ ասել՝ նոր անկախության ժամանակների, այլ ամբողջ նույն ժողովրդի պատմության շարունակությունն եք դուք: Իրականում ժողովրդավարությունը հենց հիմնված է հունական փիլիսոփայական արժեքների վրա: Ձեզ հաջողություններ և նոր ձեռքբերումներ եմ մաղթում»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Տուրնակիսը նշել է, որ պատիվ է հյուրընկալվել նախագահական նստավայրում:

«Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս հնարավորության համար, որ ինձ այսօր ընդունում եք մեր տոնի կապակցությամբ շնորհավորելու համար:

Դուք ևս նշեցիք՝ մեր երկու ժողովուրդների ընդհանուր պատմական բնորոշ գծերի մասին: Պարտավոր ենք պահպանել ժողովրդավարական սկզբունքները, որպեսզի կարողանանք դիմադրել ժամանակակից սպառնալիքներին»,
- մասնավորապես ասել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի սերտ համագործակցության խորացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում առկա տարածաշրջանային հիմնախնդիրներին: Երկուստեք շեշտվել է Լաչինի մարդասիրական միջանցքի բնականոն գործունեության վերականգնման հրամայականը: Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ բարիդրացիական ու բնականոն հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը:

  • Կիսվել: