հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ ՄԻՊ-ը ՍՕՍ-Մանկական գյուղում ծանոթացել է այնտեղ բնակվող երեխաների կրթական խնդիրներին

ՀՀ ՄԻՊ-ը ՍՕՍ-Մանկական գյուղում ծանոթացել է այնտեղ բնակվող երեխաների կրթական խնդիրներին

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մշտադիտարկման այցերի չորրորդ օրը Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ Պաշտպանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն իրականացրել են մշտադիտարկում և ծանոթացել գյուղում բնակվող երեխաների կրթական խնդիրներին, զարգացման ծրագրերին և բնակության պայմաններին։
 
 
Պաշտպանը հանդիպման ընթացքում հետաքրքրվել է, թե ինչպիսի միջոցներով է հաստատությունն իրականացնում իր գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքները:
 
Այնուհետ քննարկվել են խնամքի կենտրոնում երեխաների լավագույն շահի ապահովման կոնկրետ մոտեցումներն ու կենտրոնի կողմից խնամքի ծառայությունների, ճգնաժամային իրավիճակում հայտնված շահառուների հետ տարվող աշխատանքների մանրամասներ։
 
Շարունակելով հանդիպումները՝ Պաշտպանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են ունեցել ՄԻՊ Տավուշի մարզային ստորաբաժանման գրասենյակում, կատարվել է քաղաքացիների ընդունելություն։
 
Առաջնահերթ, Պաշտպանը հանդիպել է անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներին, և բարձրացված խնդիրների վերաբերյալ Պաշտպանի իրավասության շրջանակներում նախանշվել կոնկրետ են գործողություններ:
 
Այնուհետև տեղի է ունեցել քննարկում Տավուշի մարզում գործող երեխաների,
երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
 
Հարկ է նշել, որ վերջիներիս կողմից առաջ է քաշվել հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքում հարմարեցումների գրեթե բացակայության, ինչպես նաև երեխաների և երիտասարդների կրթական իրավունքի իրացման և մշակութային միջավայրի ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր։
 
Տավուշի սահմանամերձ գյուղերում իրականացված մշտադիտարկման քառօրյա այցերի ընթացքում արձանագրված խնդիրների մանրամասները կհրապարակվեն լրացուցիչ։

  • Կիսվել: