ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
ՀՀ ՄԻՊ–ը Հյուսիսային Մակեդոնիայի օմբուդսմանի գրասենյակի կազմակերպած համաժողովում ներկայացրել է ՄԻՊ հաստատության փորձը

ՀՀ ՄԻՊ–ը Հյուսիսային Մակեդոնիայի օմբուդսմանի գրասենյակի կազմակերպած համաժողովում ներկայացրել է ՄԻՊ հաստատության փորձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 22-ին առցանց ձևաչափով մասնակցել է «Հաշվետվողականությունը գործողության մեջ. հաստատությունների արձագանքները օմբուդսմանի և համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) առաջարկներին՝ մարդու իրավունքների պաշտպանության խթանման ուղղությամբ» խորագրով միջազգային համաժողովին։

Համաժողովը կազմակերպվել էր Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության օմբուդսմանի գրասենյակի կողմից՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հետ համագործակցությամբ:

«Օմբուդսմանի ինստիտուտի ֆինանսական և ինստիտուցիոնալ անկախութունը. ընթացիկ վիճակը և լավագուն փորձի կիսումը» խորագրով պանելային քննարկման շրջանակներում Անահիտ Մանասյանը հրավիրված էր ներկայացնելու ոլորտում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության փորձը, ինչպես նաև իր փորձառությունը 2024 թվականին ՄԱԿ շրջանակներում իրականացված Հայաստանի ՄԻՊ հաստատության հավատարմագրման ընթացքում, ինչի արդյունքում ՀՀ ՄԻՊ ինստիտուտը վերահավատարմագրվել է որպես անկախության և վստահելիության A կարգավիճակ ունեցող հաստատություն։

Պաշտպանը շեշտել է ինստիտուցիոնալ և ֆինանսական անկախության առանցքային նշանակությունը՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների արդյունավետության և անկախ գործունեության ապահովման տեսանկյունից՝ ընդգծելով նաև հանրային վստահության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կայուն արդյունքների հասնելու անհրաժեշտությունը։

Պաշտպանի մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծել է հաստատության հանձնառությունը միջազգային համագործակցության ամրապնդմանը մարդու իրավունքների ոլորտում: ՄԻՊ հաստատությունը շարունակաբար ընդլայնում է իր գործընկերությունը միջազգային հարթակներում՝ նպաստելով փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների և միջազգային ստանդարտների տեղայնացման գործընթացներին:

  • Կիսվել: