հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ՀՀ ԱԱՏՄ-ն մերսման սրահներում վերահսկողություն է սահմանել

ՀՀ ԱԱՏՄ-ն մերսման սրահներում վերահսկողություն է սահմանել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն է սահմանել մերսման սրահներում։  Կառույցի  կողմից 2024-2025թթ. ընթացքում վերահսկողություն է իրականացվել 80 մերսման սրահներում։
 
Արդյունքում պարզվել է, որ 4 դեպքում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները մատուցվել են բժշկական պատշաճ կրթություն չունեցող և սահմանված կարգով բժշկական գործունեության չթույլատրված անձանց կողմից, որի արդյունքում ապօրինաբար բժշկությամբ զբաղվելու համար Տեսչական մարմնի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի համաձայն կիրառվել են պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև տրվել են կարգադրագրեր։
 
 3 դեպքում բուժական մերսում իրականացնող կազմակերպությունների կողմից խախտվել են լիցենզիայի պայմանները և պահանջները, այդ խախտումները վերացնելու համար Տեսչական մարմնի կողմից կազմակերպություններին տրվել են կարգադրագրեր։
 
4 մերսման սրահում իրականացվել է բուժական մերսում՝ առանց լիազոր մարմնի կողմից բժշկական օգնության և սպասարկման «բուժական մերսում» տեսակի համար տրված լիցենզիայի, իսկ 6 դեպքում մատուցվել են ոչ բուժական մերսման ծառայություններ, սակայն վերջիններիս կողմից խախտվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ սահմանափակման ենթակա ծառայությունների տեղակայմանը ներկայացվող պահանջները։
 
Նշված դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։

  • Կիսվել: