հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում 8 զինվոր առաջին անգամ քայլեց նոր պրոթեզներով

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում 8 զինվոր առաջին անգամ քայլեց նոր պրոթեզներով

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ստորին վերջույթների ամպուտացիաներ ունեցող և պրոթեզավորում անցած 8 զինվոր առաջին անգամ, միասին քայլեցին ոտքերի պրոթեզներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայրենիքի պաշտպանները անցնելու են պրոթեզավորման վաղ փուլի քայլքի նախնական մարզման և պրոթեզի շտկման ծրագիր:

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կենտրոնում բուժում է ստացել շուրջ 3000 զինվոր։

«Այսօր Հայաստան համահայկական հիմնադրամի, ԵՊԲՀ-ի հետ միասին մեկնարկեց տղաների պրոթեզավորման գործընթացը։ Մեր տղաներն այսօր հնարավորություն ունեն աշխարհի ամենաբարձր որակի բրենդերից պրոթեզներ ստանալու։ Տղաներին հատուկ ինդիվիդուալ մոտեցում է ցուցաբերվում»,- նշեց Մուրադյանը և հավելեց, որ պրոթեզավորումը լինելու է անվճար։ Նա շեշտեց, որ իրենց սուրբ պարտքն է տղաներին սոցիալական կյանք վերադարձնելը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ՀՀ-ում պատրաստվելու են պրոթեզավորողներ, ովքեր կաշխատեն նաև մարզերում։

Տղաները հատուկ հարթակի վրա քայլեցին և ցույց տվեցին իրենց պրոթեզների հնարավորությունները, նրանցից ոմանք էլ մարտի դաշտում կորցրել են երկու ոտքը։

Նրանցից մեկը՝ 19-ամյա Սերգեյ Մովսիսյանը, ով արդեն 1 ամիս է, ինչ գտնվում է վերականգնողական կենտրոնում, ասաց, որ գոհ է իր պրոթեզից։

«Ես Մատաղիսում եմ ծառայել, դեռ 3 ամսվա ծառայող էի։ Դեպքը տեղի է ունեցել 2020 թվականին հոկտեմբերի 14-ին։ Մեկ ոտքս է ամպուտացվել, նոր պրոթեզներն էլ բավականին հարմարավետ են»,- նշեց Սերգեյը և հավելեց, որ ծառայությունն ավարտելուց հետո ցանկանում էր սովորել Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, սակայն այժմ պլանները փոխվել են։ Փակագծերը բացել նա չցանկացավ։

  • Կիսվել: