Հայոց ցեղասպանությունը չի կարող հանգիստ թողնել ոչ մի բանական մարդու. Եվգենի Պետրոսյան
ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը Երևանում «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Վահրամ կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, տեղեկացնում է Ռուսարմինֆո-ն:
Եվգենի Պետրոսյանն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ գրառում է արել Պատվավոր հյուրերի գրքում:
«Հայ ժողովրդի հանդեպ կատարված բոլոր ժամանակների ամենամեծ ողբերգությունը չի կարող հանգիստ թողնել ոչ մի բանական մարդու: Հայոց ցեղասպանության այս թանգարանն անհրաժեշտ է աշխարհին, յուրաքանչյուր մարդու՝ գիտակցելու համար, թե դեպի ու՛ր կարող է տանել աշխարհը, որի իրադարձությունների հետևանքները կարող են աններելի աղետների հանգեցնել: Արցունքներ չկան, որ կկարողանան լացել այս ողբերգությունը: Անսահմա՜ն սգում եմ»,-գրել է Պետրոսյանը:
Նա նաև նախատեսել է այցելել Հայաստանի գլխավոր պատմական և մշակութային վայրերը: Նա հասցրել է լինել նաև Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանում: