հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի ետնամասում տեղի է ունեցել 4000 հայի փրկած ֆրանսիացի Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հուշաքարի հանդիսավոր բացումը

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի ետնամասում տեղի է ունեցել 4000 հայի փրկած ֆրանսիացի Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հուշաքարի հանդիսավոր բացումը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի գլխավորած պատվիրակությունը մայիսի 26-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Երկու երկրների ԱԳ նախարարները ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

 

Այցի շրջանակում երկու երկրների պետական այրերի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի ետնամասում տեղի է ունեցել ֆրանսիացի Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հուշաքարի հանդիսավոր բացումը՝ ի նշան երախտագիտության և Մուսա լեռան հերոսամարտի 110-ամյակի կապակցությամբ: Միջոցառմանը ներկա էին նաև ծովակալի հարազատները:

Նշենք, որ Լուի Դարթիժ դյու Ֆուռնեն 1915 թ. Մուսա լեռան հերոսամարտի ժամանակ զբաղեցրել է ֆրանսիական արևելյան նավատորմի փոխծովակալի պաշտոնը և, վտանգելով զինվորականի իր հետագա ծառայությունն ու չսպասելով Ֆրանսիայի կառավարության հրամանին, միանձնյա որոշում է կայացրել օգնության հասնել անհավասար պայքարի մեջ գտնվող հայերին, ինչի շնորհիվ 4000-ից ավելի մուսալեռցիներ փրկվել են և տեղափոխվել Եգիպտոս՝ Պորտ Սաիդ վրանաքաղաք:

ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանն իր խոսքում նշեց, որ այսօր պատմական օր է հայ և ֆրանսիացի ժողովուրդների պատմության մեջ:

«Հայոց ցեղասպանությունից և Մուսա լեռան ինքնապաշտպանությունից 110 տարի անց, հայ ժողովուրդը իր երախտագիտությունն է հայտնում ցեղասպանության տարիներին շուրջ 4000 հայի փրկած ֆրանսիացի ծովակալին: Ավելի քան 13 տարվա դադարից հետո Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատին ավելացնում ենք Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի գերեզմանից բերված հողը և տեղադրում նրա հուշատախտակը: Դարթիժ դյու Ֆուռնեն, լսելով բացառապես իր խղճի ձայնը, ցեղասպանվելուց փրկեց 4092 հայի, հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում ֆրանսիացի մեծ մարդասերին»,- ասել է Գզոյանը:

Ֆրանսիայի ԱԳ նախարաը նշել է, որ այսօր մենք հարգանքի տուրք են մատուցում ծովակալ Լուի Դարթիժ դյու Ֆուռնեին և Միջերկրական ծովում Ֆրանսիայի երրորդ նավախմբի նավաստիներին, որոնք նրա հրամանատարությամբ, փրկել են ավելի քան 4000 հայի կյանք:

«Միաժամանակ հիշում ենք նաև Մուսա լեռան հայերին, որոնք 1915 թ. Օսմանյան կայսրությունում գործադրված բռնագաղթի փոխարեն ընտրեցին դիմադրության ճանապարհը և կարողացան փրկվել»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

ՀՀ ԱԳ նախարարն էլ նշել է, որ իր համար այս միջոցառումը յուրահատուկ է, քանի որ ժամանակին Հայոց ցեղասպանության թեմայով զբաղվելիս ուսումնասիրել է նաև այն մարդկանց գործունեությունը, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ վտանգելով իրենց կյանքը օգնության ձեռք են մեկնել հայերին:

 

  • Կիսվել: