Հայերի ստեղծած ստարտափն օգնում է ԱՄՆ հիվանդանոցներին առողջության ապահովագրության հարցում
Հայաստանի և Սփյուռքի մասնագետների կողմից ստեղծված RCMed ստարտափը մշակել է ԱԲ-գործիք, որը թույլ է տալիս հիվանդանոցների տնօրինությանը բժշկական ապահովագրության պայմաններում սպասարկել հիվանդներին:
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ընկերության համահիմնադիր Արթուր Ղուլյանը, ընկերությունն սկզբնապես իր լուծումներն առաջարկել է ամերիկյան շուկայում, քանի որ, որոշ գնահատականների համաձայն, ԱՄՆ հիվանդանոցային ոլորտը տարեկան կորցնում է մոտ 50 միլիարդ դոլար՝ պետական և մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից վճարումներից ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու պատճառով: Արդյունքում, ըստ Ղուլյանի, հիվանդանոցը ստիպված է լինում հիվանդից պահանջել գումարը, ինչը ժամանակատար է և խնդրահարույց:
Ստարտափի մշակած պրոդուկտը ԱԲ-մոդուլ է («գործակալ»), որը թույլ է տալիս կանխատեսել, թե այս կամ այն հիվանդի դեպքում որքան գումար կփոխհատուցի ապահովագրությունը, և որքանն է ավելի լավ նրանից նախօրոք պահանջել։
Ընկերությունն իր ծրագիրն արդեն տեղադրել է Հայաստանի որոշ հիվանդանոցներում՝ դրանք կապելով առողջապահության նախարարության «ArMed» տվյալների բազայի հետ, այդ թվում՝ համընդհանուր բժշկական ապահովագրության հետ կապված հարցերում (որը փուլ առ փուլ սկսել է գործել այս տարվանից – խմբ)։
Ղուլյանը նշեց, որ ընկերությունը ցանկանում է իր արտադրանքի համար ապահովել ԱՄՆ տվյալների անվտանգության ստանդարտները (այդ թվում, ի լրումն Եվրամիության «GDPR» ստանդարտի, «HIPAA»-ն՝ բժշկական տվյալների անվտանգության պրոֆիլային ստանդարտը)։ Ընկերությունը հետագայի համար պլանավորում է Հայաստանը դարձնել բժշկական տվյալների կիբեռանվտանգության հարցերով իրավասությունների տարածաշրջանային կենտրոն։ Մեր զրուցակցի պարզաբանմամբ, այդ ուղղությունն առավել պահանջված է՝ հաշվի առնելով, որ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները ներդնում են առողջապահության համընդհանուր էլեկտրոնային ռեգիստրներ։


